Բիզնես | 16:13 09/08/19

2019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով

Պետական Եկամուտների Կոմիտեի կողմից հրապարակվել է ՀՀ 1,000 խոշոր հարկատու ընկերությունների 2019թ. առաջին կիսամյակի ցուցակը, որտեղ ներկայացված են նաև Հայաստանի առաջատար հեռահաղորդակցական ընկերությունները։

Յուքոմը զբաղեցնում է խոշոր հարկ վճարողների ցուցակի 14-րդ հորիզոնականը։ 2019թ. առաջին կիսամյակում ընկերությունը մուծել է 4.82 մլրդ դրամ հարկ։ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալն աճել է 26.35%-ով կամ 1.0 մլրդ դրամով։

24-րդ հորիզոնականում ՎԵՈՆ Արմենիան (Beeline) է: 2019թ. առաջին կիսամյակում ընկերությունը մուծել է 3.11 մլրդ դրամ հարկ։ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 19.34%-ով կամ 746.58 մլն դրամով։

Ցուցակի 37-րդ հորիզոնականում է ՄՏՍ Հայաստանը (Վիվասել-ՄՏՍ)։ 2019թ. առաջին կիսամյակում ընկերությունը մուծել է 2.30 մլրդ դրամ հարկ։ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալը նվազել է 53.13%-ով կամ 3.33 մլրդ դրամով։

ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ (Ռոստելեկոմ) ընկերությունը ցուցակի 176-րդ հորիզոնականում է։ 2019թ. առաջին կիսամյակում ընկերությունը մուծել է 499.32 մլն դրամ հարկ։ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալը նվազել է 22.66%-ով կամ 146.31 մլն դրամով։

Առաջատար 4 հեռահաղորդակցական ընկերության կողմից 2019թ.-ի առաջին կիսամյակում մուծվել է 10.73 մլրդ դրամ հարկ։ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է նվազում 3.22 մլրդ դրամով կամ 23.07%-ով։

Վերոնշյալ հեռահաղորդակցական ընկերություններին բաժին է ընկնում 1,000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ընդհանուր ծավալի 2.1%-ը։ 2018թ.-ի համանման ցուցանիշը 3.1% էր։