Բաժին. Տնտեսական

ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ. ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է 200 ԱՆԳԱՄ

2011 թվականի առաջին 11 ամիսների արդյունքներով Հայաստանը գրանցել է հարևան երկրների հետ արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալի աճ: Այսպես, նախորդ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին Իրանի հետ ՀՀ առևտրաշրջանառությունն աճել է շուրջ 16%-ով և կազմել 291.6 մլն դոլար: Թուրքիայի հետ ՀՀ առևտրաշրջանառությունն աճել է ավելի քան 17%-ով և կազմել 219.2 մլն դոլար: Միևնույն ժամանակ, Վրաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառության ծավալն աճել է 21.5%-ով և կազմել 111.1 մլն դոլար:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` հաշվետու այս ամիսների արդյունքներով Իրանին բաժին է ընկել ՀՀ արտաքին առևտրաշրջանառության համախառն ծավալի 5.9%-ը, Թուրքիային` 4.4%-ը, իսկ Վրաստանին` 2.2%-ը:

Հատկանշական է, որ հաշվետու ժամանակահատվածում Իրանից Հայաստան ներմուծման ծավալը Հայաստանից Իրան արտահանման ծավալը գերազանցել է ավելի քան 2 անգամ: Վրաստանից Հայաստան ներմուծումը Հայաստանից Վրաստան արտահանումը գերազանցել է 4 անգամ: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այս երկրից մեր երկիր ներմուծված ապրանքների համախառն ծավալը գերազանցել է Հայաստանից Թուրքիա արտահանման ծավալը շուրջ 200 անգամ:

Նշենք նաև, որ հարևան երկրների հետ ՀՀ առևտրի հաշվեկշիռը հիմնականում բացասական է:

Share