Բաժին. Տնտեսական

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկան կհամագործակցի իտալական Diesel ընկերության հետ և կարտադրի բարձրորակ ջինսեր

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկան տարեկան Իտալիա և Գերմանիա է արտահանում շուրջ 700 հազար բաճկոն: Այժմ աշխատանքներ են տարվում իտալական Dizel ընկերության հետ համատեղ բարձրորակ ջինսերի արտադրություն ևս կազմակերպելու համար: Այս մասին ֆաբրիկայի ներկայացուցիչները տեղեկացրել են վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ով այսօր աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում և այցելել «Գլորիա» կարի ֆաբրիկա: Հովիկ Աբրահամյանը շրջել է ֆաբրիկայով՝ ծանոթացել արտադրանքին, ծրագրերին, խնդիրներին:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատրաստակամություն է հայտնել կառավարության կողմից ֆինանսական ռեսուրսներով օժանդակել ֆաբրիկային՝ զարգացմանն ուղղված ծրագրերն առաջ մղելու համար: Իր հերթին, ֆաբրիկայի ղեկավարությունը խոստացել է կառավարության աջակցության արդյունքում ստեղծել լրացուցիչ 200 նոր աշխատատեղ. «Գլորիա»-ում աշխատում է 1300 մարդ:

«Վանաձորը մշտապես եղել է արդյունաբերական մեծ քաղաք և այսօր որևէ խոշոր ձեռնարկություն չի գործում, բացառությամբ «Գլորիա» կարի ֆաբրիկայի: Պայամանավորվել ենք ֆաբրիկայի ղեկավարության հետ, որ կառավարությունը ցուցաբերելու է 450 մլն դրամի ֆինանսական աջակցություն, ինչի արդյունքում ստեղծվելու է լրացուցիչ 200 և ավելի աշխատատեղ»,- լրագրողների հետ զրույցում նշել է Հովիկ Աբրահամյանը:

Նշենք, որ իտալական Sartis ընկերության հետ համագործակցող Ֆաբրիկան հագեցած է գերմանական և ճապոնական բարձրակարգ սարքավորումներով, ինչը թույլ է տալիս արտադրել հայտնի համաշխարհային բրենդների բարձրորակ բաճկոններ:

Share