Բաժին. Տնտեսական

Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացել է Անգուս Դիթոնը

Այս տարի տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացել է Փրինսթոնի համալսարանի գիտնական Անգուս Դիթոնը` սպառման, աղքատության և բարեկեցության գնահատման ուղղությամբ կատարած իր գիտական վերլուծությունների համար: Տնտեսագետը վստահ է, որ արդյունավետ տնտեսական քաղաքականություն մշակելու համար, որը կարող է նպաստել աղքատության կրճատմանը և բարեկեցության բարձրացմանը, անհրաժեշտ է նախ և առաջ հասկանալ սպառողի անհատական ընտրությունը: Անգուս Դիթոնը իր տնտեսագիտական վերլուծություններում հիմնականում դիտարկել է զարգացող շուկաները:

Նշենք, որ մրցանակի գումարը կազմում է 8 միլիոն շվեդական կրոն (շուրջ 953 հազար դոլար)։

Ծանոթություն. Նոբելյան մրցանակի հիմնադիրն Ալֆրեդ Նոբելն է: 1901 թվականից ի վեր այս մրցանակն ամեն տարի շնորհվում է գիտական հայտնագործությունների, մշակութային խոշոր ներդրումների և հասարակական զարգացման ոլորտում ունեցած նշանակալի դերակատարության համար: Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն` Նոբելյան մրցանակ սահմանվել է հետևյալ բնագավառներում` գրականություն, ֆիզիկա, քիմիա, ֆիզիոլոգիա և բժշկություն, խաղաղություն: 1969 թվականից Շվեդական բանկի (Sveriges Riksbank) նախաձեռնությամբ և հովանավորությամբ Նոբելյան մրցանակ շնորհվում է նաև տնտեսագիտության ոլորտում ունեցած մեծ ձեռքբերումների համար: 1969-2015 թվականների ընթացքում տնտեագիտության ոլորտում շնորհվել է 47 Նոբելյան մրցանակ:

Հիշեցնենք, որ B24-ը ներկայացրել է «Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները» հոդվածների շարքը, որին կարող եք ծանոթանալ այստեղ:

Share