Բաժին. Տնտեսական

Վրացի գործարարը Հայաստանում կբացի McDonald’s ռեստորան

Այս տարվա ապրիլին ԱՄՆ-ի Օռլանդո քաղաքում կկայանա McDonald’s ընկերության ղեկավար կազմի և ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում քննարկման կներկայացվի նաև Հայաստանում արագ սննդի ոլորտում առաջատար McDonald’s ցանցի ռեստորան բացելու հարցը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է վրացի գործարար Թեմուր Չկոնիան՝ վստահություն հայտնելով, որ հարցը կլուծվի Հայաստանում McDonald’s բացելու օգտին։

«Շատերը Հայաստանից գալիս են Թբիլիսիի McDonald’s, այսինքն` դա պահանջված ֆասթ ֆուդ է հայ բնակչության շրջանում»,- հայտարարել է Չկոնիան, ով պատրաստվում է Հայաստանում McDonald’s ցանցի առաջին ռեստորանը բացել Երևանում:

Վրացի գործարարը նշել է նաև, որ McDonald’s ցանցի ռեստորան բացելուց բացի նախատեսվում է իրականացնել նաև Հայաստանի գյուղատնտեսության զարգացման ծրագրեր։ Չկոնիայի խոսքով` հայկական McDonald’s-ում պետք է օգտագործվի տեղական արտադրության մթերք։ Նա նաև հավելել է, որ դա լուրջ ներդրում կլինի Հայաստանի տնտեսության մեջ։ Ըստ Չակոնիայի՝ Հայաստանում կարելի է կառուցել ցանցի 8 ռեստորան, և հաշվի առնելով նախագծի մասշտաբը` աշխատանքի կտեղավորվի մինչև 30 տարեկան շուրջ 1000 մարդ։

Նշենք, որ McDonald’s-ն աշխարհում 4-րդ խոշորագույն գործատուն է. ցանցում աշխատում է շուրջ, 1.9 մլն մարդ:

Share