Բաժին. Տնտեսական

Հուլիսին գրանցվել է տնտեսական ակտիվության աճի «համեստ» ցուցանիշ

Հունվար-հուլիսին Հայաստանում գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպի անկում, ինչը մեծապես պայմանավորվել է հուլիսին, հունիս ամսվա համեմատ, տնտեսական ակտիվության աճի «համեստ» ցուցանիշով:

Ինչպես տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից՝ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 3%-ով: Համեմատության համար նշենք, որ հունվար-հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել էր 4.8%:

Միևնույն ժամանակ, միայն հուլիսին, հունիսի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 2.5%-ով, ինչը հաշվետու տարվա ընթացքում ամսական կտրվածքով գրանցված ամենացածր տնտեսական ակտիվության աճի ցուցանիշն է:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հունվար-հուլիս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել են արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը և բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը: Այսպես, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 7.9%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 7.6%:

Միևնույն ժամանակ, գյուղատնտեսության ոլորտում աճը տարեկան կտրվածքով կազմել է 1.3%, շինարարության ոլորտում գրանցվել է շուրջ 8% անկում, իսկ առևտրի շրջանառությունը պահպանվել է գրեթե այն նույն մակարդակում, ինչ գրանցվել էր նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածում:

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 659.66 մլրդ ՀՀ դրամ, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 777.44 մլրդ ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝  1174.00 մլրդ ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝  690.06 մլրդ ՀՀ դրամ,  իսկ շինարարության ծավալը՝ 158.69 մլրդ ՀՀ դրամ:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին սպառողական գների ինդեքսը կազմել է 98.5%:

Նշենք նաև, որ 2015 թվականին մեր հանրապետությունում գրանցվել էր տնտեսական ակտիվության ցուցանիշի 3.1% աճ:

Share