Բաժին. Տնտեսական

Forbes. Ռուբեն Վարդանյանը փոխում է աշխարհը՝ սկսելով մեկ երկրից

Ամերիկյան Forbes պարբերականի հեղինակ Բրայան Ռաշիդը (Brian Rashid) հրապարակել է հոդված հայ գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի մասին: Վերնագրելով հոդվածը «Ռուբեն Վարդանյանը փոխում է աշխարհը՝ սկսելով մեկ երկրից»` հեղինակը ներկայացնում է իր տպավորությունները Ռուբեն Վարդանյանի հետ ունեցած հանդիպման, հարցազրույցի և Ռուբեն Վարդանյանի գործունեության մասին: ԲԻԶՆԵՍ 24-ը ներկայացնում է հոդվածի առավել հետաքրքիր հատվածները:

Հեղինակը գրում է, որ Ռուբեն Վարդանյանի գործունեությունը ավելի քան տպավորիչ է. նա ներդրումներ է կատարել աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերություններում, գլխավորել է Ռուսաստանի առաջին ներդրումային բանկը՝ Տրոյկա Դիալոգը, հիմնադրել է ոչ առևտրային կազմակերպություն, որն այժմ ղեկավարում է բարեգործական ծրագրեր նախկին խորհրդային երկրներում՝ կրթության, տարածքային զարգացման և մի շարք այլ ուղղություններով, ստեղծել է IDeA բարեգործական հիմնադրամը՝ Հայաստանում տարբեր նախագծեր իրականացնելու նպատակով, և այս ցանկը կարելի է դեռևս երկար շարունակել:

Իսկ ինչպիսի՞ն է Ռուբեն Վարդանյանը որպես գլոբալ առաջնորդ և մեծ մտածող: Բրայան Ռաշիդը Ռուբեն Վարդանյանին բնութագրում է որպես առաջնորդ, ով վերականգնում և վերակառուցում է Հայաստանի տնտեսությունը՝ իրականացնելով մի շարք բիզնես-նախագծեր և ծրագրեր, որոնցից է, օրինակ, «Տաթևի վերածնունդ»-ը: Այս ծրագրի շնորհիվ միայն մի քանի տարվա ընթացքում Տաթևի վանական համալիր այցելող զբոսաշրջիկների թիվը տարեկան 4 հազարից աճել է և այսօր կազմում է ավելի քան 150 հազար: Միևնույն ժամանակ, Ռուբեն Վարդանյանը չի սահմանափակվում միայն Հայաստանով: Նա խոշոր ծրագրեր է իրականացրել նաև Ռուսաստանում: Մասնավորապես, հիմնադրել է Ռուսաստանի առաջին մասնավոր բիզնես դպրոցը, ինչպես նաև ստեղծել է Phoenix Advisors ընկերությունը, որն առաջարկում է ակտիվների կառավարման ծառայություններ:

Ռուբեն Վարդանյանի պատկերացումներն ապագայի զարգացումների վերաբերալ կախված չեն տեխնոլոգիաների և արտադրության հետ: «Մարդիկ են ապագան, և մարդկային զարգացումն է աշխարհը փոխելու ամենակարևոր բաղադրիչը: Մենք արդյունաբերական կայսրությունից շարժվում ենք դեպի ինտելեկտուալ կայսրություն», – հարցազույցի ժամանակ նշել է Ռուբեն Վարդանյանն՝ ընդգծելով, որ ինտելեկտուալ կայսրությունում մարդիկ են ապագայի գլխավոր կապիտալը: «Շատ փոքր տոկոս են կազմում այն մարդիկ, ովքեր փոխում են աշխարհը, և ես ներդրում եմ կատարում հենց այդ մարդկանց մեջ»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

Որպես ներդրումների համար «լավ» մարդկանց ընդհանրական կարևոր բնութագրիչներ Ռուբեն Վարդանյանն առանձնացրել է մի քանիսը՝ հետաքրքրասիրություն, սովորելու պատրաստակամություն, երկարաժամկետ տեսլական, սեփական հարմարավետության գոտուց դուրս գալու պատրաստակամություն, գլոբալ առաքելություն: Այս մարդիկ գլոբալ քաղաքացիներ են՝ տեղական նույնականացմամբ, հարմարվում են արագ փոփոխող աշխարհին՝ ամփոփոխ պահելով իրենց արժեքները:

Անդրադառնալով հաջողության հասնելու գրավականին՝ Ռուբեն Վարդանյանն ընդգծել  է կարգապահությունը, համառությունը և անցյալից սովորելու ունակությունը: Միևնույն ժամանակ, իր հաջողությամբ մեծ մասը վերագրում է իր մենթորներին՝ կարևորելով վստահության և ժամանակի վրա հիմնված մենթորությունը:

Հոդվածի հեղինակի այն հարցին, թե ինչով է զբաղվելու ապագայում՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ 25 տարի անց մեծ քայլեր կկատարի համաշխարհային կրթության ոլորտում, կվերականգնի հարգանքն ուսուցիչների նկատմամբ և կփոխի կրթության բիզնես-մոդելը: Միևնույն ժամանակ, կենտրոնացած կլինի տարածքային զարգացման վրա և կիրականացնի մի շարք նախագծեր՝ Տաթևի նախագծի օրինակով, որոնք կնպաստեն տնտեսական զարգացմանն ու աշխատատեղերի ստեղծմանը:

Հարցազրույցն ավարտվում է Ռուբեն Վարդանյանի այն խոսքերով, որ պետք է սեփական ԵՍ-ի հետ ազնիվ լինել. «դա ավելի լավ է, քան լինել հարուստ, հզոր կամ հայտնի»:

Share