Բաժին. Տնտեսական

Պարենային շուկան Ամանորից առաջ. ի՞նչն է թանկացել, ի՞նչն՝ էժանացել

Նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 2.8% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի 28.5% գնաճով:

Ինչպես տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից՝ հաշվետու ամսում դիտարկվել է պարենային 13 ապրանքախումբ, որոնցից 8-ում գրանցվել է 0.2-28.5% գնաճ, 4-ում` 1.5-0.1% գնանկում, իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Այսպես, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2016թ. նոյեմբերին 2015թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 2.9% գնանկում, իսկ 2016թ. հոկտեմբերի համեմատ՝ 28.5% գնաճ:

Մրգի ապրանքախմբում 2016թ. նոյեմբերին 2015թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 17.7% գնաճ (մասնավորապես՝ տանձը թանկացել է 8.8%-ով, դեղձը՝ 18.2%-ով, խնձորը՝ 20.9%-ով, խաղողը՝ 36.1%-ով), իսկ 2016թ. հոկտեմբերի համեմատ`2.1% գնաճ:

Շաքարավազի հանրապետական միջին գինը 2016թ. նոյեմբերին 2015թ. նոյեմբերի համեմատ աճել է 14.8%-ով, իսկ 2016թ. հոկտեմբերի համեմատ՝ 1.9%-ով:

2016թ. նոյեմբերին 2015թ. նոյեմբերի համեմատ կաթնամթերքի գինը նվազել է 3.2%-ով, իսկ 2016թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 1.6% գնաճ: Միևնույն ժամանակ, 2016թ. նոյեմբերին 2015թ. նոյեմբերի համեմատ ձկնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 2.1% գնանկում, իսկ 2016թ. հոկտեմբերի համեմատ՝ 1.4% գնաճ:

Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2016թ. նոյեմբերին 2015թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 0.2% գնանկում, իսկ 2016թ. հոկտեմբերի համեմատ՝ 1.3% գնաճ:

Ձվի հանրապետական միջին գինը 2016թ. նոյեմբերին 2015թ. նոյեմբերի համեմատ աճել է 10.2%-ով, իսկ 2016թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 0.7% գնանկում:

2016թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է հրուշակեղենի՝ 1.5%, հացամթերքի՝ 0.2%, մսամթերքի 0.1% գնանկում, իսկ սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է ոչ ոգելից խմիչքի, ոգելից խմիչքի և ծխախոտի՝ 0.2%, այլ մթերքի 0.4% գնաճ:

Share