Տնտեսական | 17:29 08/08/19

ՀՀ Կենտրոնական Բանկի նախկին մարզային վերլուծաբանները միավորվել են մեկ գաղափարի շուրջ

Մեկնարկել է «Մարզերի Զարգացման և Վերլուծությունների Կենտրոն» հասարակական կազմակերպության գործունեությունը։ Հունիսի 20-ին տեղի է ունեցել կազմակերպության  խորհրդի անդրանիկ նիստը։ Կենտրոնը հիմնվել է ՀՀ Կենտրոնական բանկի տնտեսական հետազոտություն իրականացնող նախկին մարզային վերլուծաբանների կողմից, ովքեր 5 տարի շարունակ իրականացրել են մարզերում իրական հատվածի վերլուծություններ և հետազոտություններ։ 

Վերլուծաբանները իրենց կուտակած փորձը, մասնագիտական հմտություններն ու կարողությունները ուղղելու են մարզերի զարգացմանը: 

Կազմակերպության նիստին քննարկվել են Կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները, ընտրվել են խորհրդի անդամներ և խորհրդի նախագահ, հստակեցվել են կարճաժամկետ և երկարաժամկետ ռազմավարական ուղղությունները։ 

Կազմակերպության առաքելությունն է․

- Մարզերի համաչափ զարգացման ուղղված ծրագրերի մշակում, համապատասխան տնտեսական հետազոտությունների և վերլուծությունների իրականացում

- Հետազոտությունների և վերլուծությունների արդյունքում ի հայտ եկած խնդիրների լուծումների առաջարկում

- Մարզի գյուղատնտեսության և գործարար միջավայրի արդյունավետ կապի ստեղծում

- Մարզերում առկա հաջողված նախագծերի փորձի փոխանակում և դրանց զարգացման նախադրյալների հետազոտություն

- Մարզերում նորարարությունների, խելացի գյուղատնտեսության և այլ ինովացիաների տարածում և դրանց անհրաժեշտության գիտակցության բարձրացում  

- Ֆինանսական կրթմանը, էներգախնայող համակարգերի ներդրմանն ուղղված ծրագրերի իրականացում

- Մարզերում ներդրումային դաշտի պոտենցիալների բացահայտում ըստ ոլորտների

- Տեղական ինքնակառավարման մարմինների և այլ գերատեսչությունների հետ ակտիվ համագործակցություն ոլորտային հետազոտությունների և համայնքային խնդիրների բացահատման և դրանց լուծումների իրականացման շրջանակում

Մարզերի Զարգացման և Վերլուծությունների Կենտրոնը բացառապես տնտեսական միտում ունի և բաց է շահագրգիռ կառույցների հետ համագործակցության համար: