Տնտեսական | 18:55 08/08/19

Հայաստանի խոշոր հարկ վճարողներ՝ 2019թ առաջին կիսամյակ, առաջատարը ԶՊՄԿ-ն է. տեսանյութ

Պետական Եկամուտների Կոմիտեն հրապարակել է 2019թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Հրապարակված ցուցանիշների համաձայն, խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Ընկերության կողմից պետական բյուջե է վճարվել 29.5 մլրդ դրամ՝ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 19.73%-ով կամ 4.86 մլրդ դրամով։ 2018թ. առաջին կիսամյակում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ևս առաջատար էր։

Երկրորդ տեղում է Գրանդ Տոբակոն՝ 28.28 մլրդ դրամ հարկ՝ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 11.58 մլրդ դրամով կամ 69.35%-ով։ 2018թ. առաջին կիսամյակում Գրանդ Տոբակոն երրորդն էր։

Եռյակը եզրափակում է Գազպրոմ Արմենիան՝ 22.79 մլրդ դրամ հարկ՝ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ՝ +2.06 մլրդ կամ +9.93%։ 2018թ առաջին կիսամյակում Գազպրոմ Արմենիան 2-րդն էր։

Չորրորդ տեղում է Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը, որը պետբյուջե է վճարել 9.45 մլրդ դրամ հարկ՝ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 3.61 մլրդ դրամով կամ 61.92%-ով։ 2018թ. առաջին կիսամյակում ընկերությունը 10-րդն էր։

Հինգերորդ տեղում է Գեոպրոմայնինգ Գոլդը՝ 9.13 մլրդ դրամով և արձանագրած 0.26 մլրդ կամ +2.89%։ 2018թ. առաջին կիսամյակում ընկերությունը 4-րդն էր։

Հայաստանի Էլեկտրական Ցանցերը վեցերորդն է՝ 7.79 մլրդ դրամ՝ +1.27 մլրդ դրամ կամ +19.55%։ 2018թ. առաջին եռամսյակում ընկերությունը ցուցակի 9-րդ հորիզոնականում էր։

Ֆլեշը 7-րդ հորիզանականում է, ընկերությունը բյուջե է մուծել 7.60 մլրդ դրամ հարկ, 2018թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 2.76 մլրդ դրամով կամ 57.06%-ով։ 2018թ.-ին Ֆլեշը 14-րդն էր։

Ութերորդ տեղում է Ակվիլոն թրեյդը՝ 6.55 մլրդ դրամ՝ +5.82 մլրդ կամ +795.66%։ 2018թ. առաջին կիսամյակում ընկերությունը ցուցակի 110-րդ հորիզոնականում էր։

Ֆիլիպ Մորիս Արմենիան իններորդն է՝ 5.18 մլրդ դրամ՝ -2.97 մլրդ դրամ կամ -36.49%։ 2018թ. առաջին կիսամյակում ընկերությունը ցուցակի 6-րդ հորիզոնականում էր։

Արմենիա միջազգային օդանավակայանները եզրափակում է տասնյակը՝ 5.16 մլրդ դրամ՝ +2.30 մլրդ դրամ կամ +80.31%։ 2018թ. առաջին կիսամյակում ընկերությունը ցուցակի 28-րդ հորիզոնականում էր։

Առաջին տասնյակում տեղ զբաղեցրած ընկերություններից 2-ը ներկայացնում են էներգակիրների, 3-ը՝ ծխախոտագործության, 2-ը՝ հանքարդյունաբերության և մեկական ներկայացուցիչներով ներկայացված են առևտրի, փոխադրումների և էներգետիկայի ոլորտները։

Ընդհանուր առմամբ, 10 խոշոր հարկատուների կողմից վճարվել է 131.45 մլրդ դրամ հարկ, ինչը տասնայկում տեղ զբաղեցրած ընկերությունների 2018թ. առաջին կիսամյակի ցուցանիշներից ավել է 31.55 մլրդ դրամով կամ 31.59%-ով, իսկ 2018թ. առաջին տասնյակի կողմից արձանագրված ցուցանիշներից ավել է 17.06 մլրդ դրամով կամ 14.91%-ով։

Ինչ վերաբերում է 100 խոշոր հարկատուներին, ապա դրանց վճարած հարկերի ընդհանուր ծավալը 314.21 մլրդ դրամ է, ինչը 32.76 մլրդ դրամով կամ 11.64%-ով գերազանցում է 2018թ. առաջին կիսամյակի ցուցանիշը։

Առաջին 1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 511.03 մլրդ դրամ, ինչը 2018թ. առաջին կիսամյակի ցուցանիշից ավել է 64.42 մլրդ դրամով կամ 14.42%-ով։

1000 խոշոր հարկատու ընկերությունների կողմից մուծված հարկերի 25.72 տոկոսը բաժին է ընկնում առաջին 10 ընկերությանը։ Առաջին հարյուր ընկերության կողմից մուծվել է հարկերի 61.49 տոկոսը։

2019թ. առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկատու ընկերություններն ապահովել են ՀՀ պետական բյուջեի 758.5 մլրդ դրամ եկամուտների 67.37%-ը։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 08/08/19 դրությամբ՝ 479.60 դրամ) , ապա առաջատար տասնայկի կողմից մուծվել է 275.88 մլն դոլար, առաջատար 100-ի կողմից՝ 695.46 մլն դոլար և 1000-ի կողմից՝ 1,072.54 մլն դոլար։