Բաժին. Ֆինանսական

Հակոբ Ադրեասյանը՝ Հայաստանի բանկային համակարգի խնդիրների մասին

Այսօր Հայաստանի բանկային համակարգի հիմնական խնդիրները կենտրոնացած են խոշոր վարկառու ընկերությունների ու վերջիններիս վարկային պարտավորությունների շուրջ: Բանն այն է, որ խոշոր կորպորատիվ ընկերությունները փոխառու միջոցներ են վերցրել միաժամանակ մի քանի բանկերից, և այսօր արդեն որոշակի դժվարություններ ունեն իրենց վարկային պարտավորոթյունների կատարման մասով: Նման գնահատական է ներկայացրել ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Ադրեասյանը՝ խոսելով Հայաստանի բանկային համակարգի խնդիրների մասին:

Ըստ Հակոբ Անդրեասյանի՝ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի բանկերի կողմից խոշոր կորպորատիվ ընկերություններին տրամադրված բոլոր վարկերը ապահովված են գրավով, և վաղ թե ուշ այս վարկերը կմարվեն կամ կփոխհատուցվեն, այնումենայանիվ, խոշոր ընկերությունների մոտ վարկային պարտավորությունների կատարման հետ կապված դժվարությունները ստեղծում են խնդիրների բանկային համակարգի համար: Այս խնդիրներից Հակոբ Անդրեասյանն առանձնացրել է, մասնավորապես, վարկի չվերադարձման դեպքում դատական համակարգի հետ գործակցության, ինչպես նաև գրավի իրացման հետ կապված խնդիրները:

Նա նշել է, որ խոշոր վարկառուների հարցում ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը միշտ ցուցաբերել է առավել պահպանողական մոտեցում: Դեռևս երկու տարի առաջ Բանկն իր առջև խնդիր է դրել չընդլայնել խոշոր կորպորատիվ հաճախորդների ընդհանուր թիվը և առավել խիստ լինել խոշոր կորպորատիվ հաճախորդների տեսակարար կշիռը թույլատրելիի սահմաններում պահպանելու հարցում: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ից՝  այսօր Բանկն ունի 2-3 խոշոր կորպորատիվ հաճախորդ:

ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի տնօրենի դիտարկմամբ՝ Հայաստանի բանկային համակարգի կարևոր մտահոգություններից է նաև բանկերում շահույթի ցուցանիշի կրճատումը և ընդհանուր բանկային բիզնեսի շահութաբերության անկումը:

Բացի այդ, այսօր հայաստանյան բանկերը խնդիրներ ունեն նաև ժակետանց վարկերի և վարկունակ նոր հաճախորդների ներգրավման հետ կապված: Պոտենցյալ նոր հաճախորդների թիվը կրճատվել է, և այս խնդիրը առավել նկատելի է փոքր և միջին բիզնեսի վարկավորման ոլորտում: Հատկանշական է, որ ըստ Հակոբ Անդրեսյանի՝ բանկերի համար այսօր առաջնային է նաև բանկային աշխատողի աշխատանքային արդյունավետության բարձրացման հարցը: 

Share