Բաժին. Ֆինանսական

Ադրբեջանի բանկային ոլորտի շահույթը նվազել է ավելի քան 52%-ով

Ադրբեջանի բանկային հատվածի եկամուտները՝ պայմանավորված նավթի համաշխարհային գների և պահանջարկի անկմամբ, ազգային արժույթի արժեզրկմամբ և երկրում առաջացած ճգնաժամով, զգալիորեն նվազել են:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական APA-Economics-ը:

2017-ի հուլիսի 1-ի դրությամբ բանկային հատվածի մաքուր շահույթը կազմել է 84,9 մլն մանաթ:

Ադրբեջանի ֆինանսական շուկաների վերահսկիչ պալատի փոխանցմամբ` մայիս ամսվա համեմատ հունիս ամսին բանկային համակարգի շահույթը նվազել է 93,3 մլն մանաթով կամ 52,4 տոկոսով:

2017-ի 6 ամսում Ադրբեջանի բանկային հատվածի տոկոսներից ստացված եկամուտները կազմել են 1 մլրդ 7,3 մլն մանաթ, տոկոսային ծախսերը` 482,7 մլն մանաթ:

Ֆինանսական շուկաների վերահսկիչ պալատի համաձայն՝ հաշվետու ժամանակաշրջանում ադրբեջանական բանկերի ակտիվների հնարավոր կորուստները կանխելու նպատակով հատուկ ռեզերվ ստեղծելու համար հատկացվել է 408,9 մլն մանաթ:

Ադրբեջանական մեկ տասնյակից ավելի բանկեր նախորդ տարի սնանկ են ճանաչվել և փակվել՝ իրենց պարտավորությունները չկատարելու, անվճարունակության և պարտքերի պատճառով:

Այս գործընթացները ազդեցություն չեն ունեցել միայն մի քանի բանկերի վրա, որոնց հետ կապ է ունեցել Ադրբեջանում իշխող ալիևյան ընտանիքը:

Հակառակ ադրբեջանական բանկերին համակած խորը ճգնաժամին՝ ալիևյան ընտանիքը բանկային հատվածից ունեցել է բավականին խոշոր և կայուն եկամուտներ. միայն 2016-ին, օրինակ, 82 մլն դոլարից ավելի: Նշենք, որ

Ադրբեջանի բանկային հատվածն այդ նույն թվականին, ընդհանուր առմամբ, ունեցել է 960 մլն դոլարի կորուստ:

2015 թ. ընթացքում ազգային արժույթի` մանաթի 100 տոկոսից ավելի արժեզրկվելու, բնակչության դոլարով վերցրած վարկերը վերադարձնելու գործում ծագած դժվարություններն ավելի են մեծացրել խնդրահարույց վարկերի ծավալը: Միայն 2016-ի ընթացքում Ադրբեջանում չեղարկվել են մի շարք բանկերի գործունեության թույլտվությունները:

Share