Բաժին. Ֆինանսական

Արթուր Ջավադյան. Տնտեսությունում ֆինանսական համակարգի միջնորդությունը շարունակվում է ընդլայնվել

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի ելույթը ԿԲ-ում 2018 թվականի տարեմուտի ընդունելությանը

Մեծարգո Վարչապետ, հարգելի հյուրեր, գործընկերներ,

Ողջունում եմ ձեզ Կենտրոնական բանկի հարկի տակ տոնական այս միջոցառմանը:

Ավարտին է մոտենում 2018 թվականը, և արդեն կարող ենք ներկայացնել անցնող տարում Կենտրոնական բանկի հիմնական նպատակների՝ գների և ֆինանսական կայունության ապահովման նախնական պատկերը:

Կենտրոնական բանկը 2018 թվականի ամբողջ ընթացքում վարել է ընդլայնողական դրամավարկային քաղաքականություն՝ համաշխարհային տոկոսադրույքների բարձրացման ֆոնին անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Մեր գնահատականներով տարին կավարտենք նպատակային ցուցանիշից փոքր ինչ ցածր գնաճով, ինչը շատ կարևոր է գնաճային սպասումների խարսխման, նաև՝ բնակչության եկամուտների գնողունակության պահպանման առումով:

2018 թվականին, գների կայունության հիմնական նպատակին զուգահեռ, ֆինանսական կայունությունը ևս դարձավ Կենտրոնական բանկի հիմնական նպատակ: Սա ներկայիս աշխարհի զարգացումների հրամայական է, և Կենտրոնական բանկը Սահմանադրությամբ տրված լիազորությունների ներքո արդյունավետորեն ապահովում է գների և ֆինանսական կայունությունը:

Այս միջավայրն է հնարավորություն տվել ֆինանսական համակարգին 2018 թվականի ներքաղաքական իրադարձությունների պայմաններում ցուցաբերել ճկունություն և ապահովել կայուն զարգացման միտումներ: Համակարգի խոշորագույն մասնակից բանկերն ապահովել են վարկերի և ավանդների էական աճ: Վարկավորման աճի տեմպերը բարձր են եղել ինչպես սպառողական ու հիփոթեքային, այնպես և արդյունաբերության ու շինարարության ոլորտներում: Բանկային համակարգը բավարար իրացվելի է, կապիտալացված և ունակ սպասարկելու տնտեսությանը երկարաժամկետ հեռանկարում: Ֆինանսական համակարգի մյուս մասնակիցները ևս տարին կամփոփեն հիմնական ցուցանիշների աճերով:

Տնտեսությունում ֆինանսական համակարգի միջնորդությունը շարունակվում է ընդլայնվել: Շարունակվում են պահպանվել ֆինանսական ծառայությունների հասանելիության և վարկերի ժամկետայնության աճի, ինչպես նաև տոկոսադրույքների նվազման միտումները, ինչը ֆինանսական համակարգում մրցակցության խորացման արդյունք է: Տնտեսության առաջնահերթ նշանակության ոլորտներում վարկավորման հասանելիության բարձրացման նպատակով Կենտրոնական բանկը համագործակցում է Կառավարության, միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ:

Այս տարի Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կողմից իրականացվեց ֆինանսական համակարգի գնահատման ծրագիր, որի ամփոփված արդյունքների համաձայն՝ ֆինանսական համակարգը գնահատվել  է կայուն, իսկ կարգավորման և վերահսկողական գործընթացներն համապատասխանել են Բանկային վերահսկողության բազելյան հիմնարար սկզբունքներին շուրջ 97%-ով:

Տարին հոբելյանական էր պետականության կարևորագույն խորհրդանիշներից մեկի Հայաստանի  Հանրապետության ազգային արժույթի ներդրման 25 ամյակի կապակցությամբ: Այս տարի դրամաշրջանառության մեջ մտան լավագույն պաշտպանական հատկանիշներով տպագրված երրորդ սերնդի թղթադրամները, որոնք որակական հատկությունների շնորհիվ շատ ավելի երկար կծառայեն: Մեզ հաջողվեց ձևավորել կայուն ազգային արժույթ և ֆինանսական համակարգ:

Անցնող տարիներին մենք բախվել ենք բազմապիսի մարտահրավերների, որոնք միմյանցից շատ տարբեր էին՝ համաշխարհային, տարածաշրջանային, ներքին: Տարբեր էր նաև հասարակության և տնտեսվարողների ընկալումներն ու արձագանքը:

Եվ այս տարիների ընթացքում բարդ իրավիճակներում Կենտրոնական բանկը ցուցաբերել է կարգավորման առավելագույն ջանքերը, որոնք շատ հաճախ անտեսանելի են հասարակության համար: Բայց տեսանելի է արդյունքը՝ մակրոտնտեսական կայունությունը և կայուն զարգացող ֆինանսական համակարգը:

Ամփոփելով, ցանկանում եմ արժանին մատուցել մեր ֆինանսական հաստատությունների և Կենտրոնական բանկի աշխատակիցներին՝ ներդրած ջանքերի և պրոֆեսիոնալիզմի համար:

Մեծարգո Վարչապետ, հարգելի գործըներներ, հյուրեր:

Շնորհավորում եմ բոլորին գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ: Թող գալիք տարին լինի խաղաղության, սիրո ու ձեռքբերումների տարի:

Share