Բաժին. Ֆինանսական

Կոնվերս Բանկ. Մայր թատրոնին կից փոքր բեմ՝ Black Box կբացվի

Առաջիկայում Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Փոքր բեմի՝ Black Box-ի բացման արարողությունը: Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Կոնվերս Բանկի աջակցությամբ:

«Սա լինելու է Հայաստանում պրոֆեսիանալ թատրոնին կից կառուցված առաջին Black Box բեմը, որի բացմամբ մենք փոխելու ենք թատերական մտածելակերպը, և ներդրվելու է նոր մշակույթ՝ զուգահեռաբար պահպանելով և զարգացնելով ակադեմիական թատրոնը: Հուսով ենք՝ այն կդառնա նոր որոնումների, զարգացման, առաջադիմության հարթակ, որն արժանվույնս կգնահատվի հայ թատերասերների կողմից», – իր խոսքում ասաց Մայր թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը՝ հավելելով, որ «թատերական շրջանակներում արդեն իսկ տեղյակ են Մայր Թատրոնում ընթացող շինարարական աշխատանքների մասին, և աննախադեպ այս նախագիծը մեծ ոգևորություն է առաջացրել»:

Նա նշեց նաև, որ Կոնվերս Բանկը հասարակության տարբեր շրջանակներում ընկալվում է որպես ամենամշակութային բանկ, և այս հովանավորությունը այդ որակումի ևս մեկ վկայությունն է:

«Մենք՝ որպես Բանկ, գնահատում ենք նորարարական մտածելակերպը ինչպես բիզնեսում, այնպես էլ մշակույթի ոլորտում և պատրաստակամ ենք քննարկել արվեստում նոր, առաջադիմական մոտեցումների ներդրման յուրաքանչյուր առաջարկ: Այս առումով Black Box թատրոնի շինարարությունը Հանրային և Մասնավոր հատվածների համագործակցության հերթական հաջողված օրինակն է: Ողջ աշխարհում այն համարվում է թատրոնի զարգացման ամենահեռանկարային ձևը: Մայր թատրոնին կից նորակառույց Փոքր Բեմը լինելու է բազմաֆունկցիոնալ և համապատասխանելու է ժամանակի պահանջներին», – ասաց Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

Black Box բեմի բացումը նախատեսվում է այս ամիս:

Share