Ինտերնետը Հայաստանում | 12:25 05/03/15

Ինտերնետ բաժանորդների քանակը և առաջատար պրովայդերները Հայաստանում - 2014թ. III եռամսյակ

Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերությունները հրապարակել են 2014թ.-ի III եռամսյակի գործունեության ամփոփ հաշվետվությունները: Սույն հաշվետվությունների հիման վրա կատարած վերլուծությունների արդյունքում կփորձենք ներկայացնել Հայաստանում Ինտերնետ շուկայի հիմնական միտումները:

Բաժանորդների թիվ

Բաժանորդների թվով առաջար է շարունակում մնալ Beeline ընկերությունը: Անցյալ տարվա երրորդ եռամսյակի դրությամբ Beeline-ի ամրակցված լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը կազմել է 152 131, ինչը 2014թ.-ի երկրորդ եռամսյակի ցուցանիշից պակաս է 3 724-ով, իսկ  2013թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ բաժանորդների թվի նվազումը կազմել է 5 523: Միևնույն ժամանակ, Beeline-ի շարժական ինտերնետի բաժանորդների քանակը (բացառությամբ հեռախոսներով օգտվողների) կազմել է 43 362, ինչը 2014թ.-ի երկրորդ եռամսյակի ցուցանիշը գերազանցում է 1 248-ով, իսկ 2013թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ շարժական ինտերնետի բաժանորդների թիվն աճել է 16 167-ով: Հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվը 2014թ.-ի երրորդ եռամսյակում կազմել է 314 952: Սույն ցուցանիշը 2014թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ աճել է 13 231-ով, իսկ 2013թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 27 667:

2014թ.-ի երրորդ եռամսյակի դրությամբ Orange-ի շարժական լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը (բացառությամբ հեռախոսով օգտվողների) կազմել է 116 281: Անցյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 6 936-ով, իսկ 2013թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 22 552: Միևնույն ժամանակ հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվը կազմել է 256 911: Սույն ցուցանիշը 2014թ.-ի երկրորդ եռամսյակի համանման ցուցանիշը գերազանցում է 2 592-ով, իսկ 2013թ.-ի երրորդ եռամսյակի ցուցանիշի համեմատ աճը կազմել է 33 294:

VivaCell MTS-ի շարժական լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը (բացառությամբ հեռախոսով օգտվողների) 2014թ.-ի երրորդ եռամսյակում կազմել է 83 691: Անցյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ այս ցուցանիշը նվազել է 1 333-ով, իսկ 2013թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ անկումը կազմել է 12 470 բաժանորդ: Միևնույն ժամանակ, հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվն անցյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ աճել է 23 002-ով և կազմել 1 028 506, իսկ 2013թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 68 938:

Ucom-ի բաժանորդների թիվն անցյալ տարվա երրորդ եռամսյակի դրությամբ կազմել է 63 026: 2014թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ ընկերության բաժանորդների թիվն աճել է 2 177-ով, իսկ 2013թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 12 889:

Rostelecom-ի բաժանորդների թիվը 2014թ.-ի երրորդ եռամսյակի դրությամբ կազմել է 21 896: Սույն ցուցանիշն անցյալ տարվա երկրորդ եռամսյակի նույն ցուցանիշը գերազանցում է 4 481-ով, իսկ 2013թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 17 947-ով:

Interactive-ի բաժանորդների թիվն անցյալ տարվա երրորդ եռամսյակի դրությամբ կազմել է 3 535, ինչն 2014թ.-ի երկրորդ եռամսյակի ցուցանիշը գերազանցում է 233-ով, իսկ 2013թ.-ի երրորդ եռամսյակի ցուցանիշը՝ 1 239-ով:

2014թ.-ի առաջին եռամյսակի տվյալների համաձայն ADC-ն ունի 1299 բաժանորդ: 2013թ.-ի երրորդ եռամսյակում բաժանորդների թիվը կազմել է 1356:

Arminco-ի բաժանորդների թիվն անցյալ տարվա երրորդ եռամսյակում կազմել է 376, 2014թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 116-ով, իսկ 2013թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 91 բաժանորդ:

Այլ պրովայդերների բաժանորդների թիվը մեր կողմից գնահատվում է Հայաստանում ինտերնետ բաժանորդների ընդհանուր թվի 2%-ի շրջակայքում՝ մոտ 9 900:

Այսպիսով, 2014թ.-ի երրորդ եռամսյակի դրությամբ Հայաստանում ինտերնետ բաժանորդների թիվը կազմում է մոտ 495 500, այս ցուցանիշը մոտ 10 000-ով ավել է քան անցյալ տարվա երկրորդ եռամսյակի ցուցանիշը և մոտ 54 000-ով ավել, քան 2013թ.-ի երրորդ եռամսյակինը:

Հեռահաղորդակցական ընկերությունների ունեցած մասնաբաժիններն ըստ ինտերնետ բաժանորդների քանակի հետևյալն է. 1. Beeline - 39.45% (-1.35 տոկ. կետ), 2. Orange - 23.46% (+0.93), 3. Vivacell-MTS - 16.89% (-0.63), 4. Ucom - 12.72% (+0.18), 5. Rostelecom - 4.42% (+0.82), 6. Interactive - 0.71% (+0.03), 7. ADC - 0.27%, 8. Arminco - 0.08% (+0.03), Այլ - 2%:

Բջջային ինտերնետ

Բջջային ինտերնետի բաժանորդների քանակը (բացառությամբ հեռախոսով օգտվողների) հետևյալն է՝ 1. Orange - 116 281 (+6 936, 2014թ. II եռ. համեմատ), 2. Vivacell-MTS - 83 691 (-1 333), 3. Beeline - 43 362 (+1 248): Վերոնշյալ տվյալները, ներկայացված ըստ մասնաբաժինների, ունեն հետևյալ տեսքը՝ 1. Orange - 47.79% (+1.55 տոկ. կետ,  2014թ. II եռ. համեմատ), 2. Vivacell-MTS - 34.39% (-1.56), 3. Beeline - 17.82% (+0.01):

Բջջային ինտերնետի (բացառությամբ հեռախոսով օգտվողների) բաժանորդների ընդհանուր քանակը 243 334 է,  անցյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 6 851-ով, իսկ 2013թ. երրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 26 249 բաժանորդ:

Բջջային հեռախոսով տվյալների փոխանակման ծառայություններից օգտվող բաժանորդների բաշխվածությունը հետևյալն է. 1. Vivacell-MTS - 1 028 506 (+ 23 002,  2014թ. II եռ. համեմատ), 2. Beeline - 314 952 (+13 231) , 3. Orange - 256 911 (+2 592): Վերոնշյալ տվյալները, ներկայացված ըստ մասնաբաժինների, ունեն հետևյալ տեսքը՝ 1. Vivacell-MTS - 64.27% (-0.12), 2. Beeline - 19.68% (+0.36), 3. Orange - 16.05% (-0.24):

Բջջային հեռախոսով տվյալների փոխանակման ծառայություններից օգտվող բաժանորդների քանակը 1 600 369 է,  անցյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 38 825-ով, իսկ 2013թ. տարվա երրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 129 899 բաժանորդ: 

Բաժանորդների ակտիվություն

«Բաժանորդների ակտիվության» ցուցանիշները ստանալու համար վերցվել են հեռահաղորդակցական ընկերությունների կողմից հրապարակվող «Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ (MOaU, MbOU)» ցուցանիշները, բազմապատկվել բաժանորդների քանակի վրա և բաժանվել ըստ մասնաբաժինների: «Բաժանորդների ակտիվության» ցուցանիշներն ըստ էության այն ցուցանիշներն են, որոնք անցած մի քանի տարիների ընթացքում ներկայացվում էին «Բիզնես 24»-ի և «Circle.am»-ի կողմից հրապարակվող «Ինտերնետը Հայաստանում» զեկույցներում:

Այսպիսով, «Բաժանորդների ակտիվության» ցուցանիշների համաձայն պատկերը հետևյալն է 1. Beeline - 36.34% (-2.03 տոկ. կետ, 2014թ. II եռ. համեմատ), 2. Ucom - 29.40% (-0.19), 3. Orange - 13.58% (-0.06), 4. Rostelecom - 11.34% (+2.12), 5. Vivacell-MTS - 5.85% (-0.42), 6. Interactive - 0.86 (+0.05), 7. ADC - 0.55%, 8. Arminco - 0.08% (+0.03), 9. Այլ - 2%: 

Մասնաբաժին շուկայում՝ ըստ հասույթի

Հեռահաղորդակցական ընկերությունների բաժանորդներից ստացված հասույթի մասնաբաժինները ստանալու համար վերցվել են հրապարակված «Ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին ընկնող միջին ամսական հասույթ (ARPU)» ցուցանիշները, բազմապատկվել բաժանորդների քանակի վրա և բաժանվել ըստ մասնաբաժինների:

Այսպիսով, «Բաժանորդներից ստացված հասույթի» ցուցանիշների համաձայն պատկերը հետևյալն է 1. Beeline - 33.01% (-1.22 տոկ. կետ, 2014թ. II եռ. համեմատ), 2. Ucom - 22.91% (+0.21), 3. Orange - 21.49% (+0.03), 4. Vivacell-MTS - 10.89% (-0.41), 5. Rostelecom - 5.84% (+0.99), 6. ADC - 2.02%, 7. Arminco - 1.00% (+0.05), 8. Interactive - 0.74 (+0.07), 9. Այլ - 2%: