Բաժին. Բիզնես

ԹԻՄ-ՎԵՈՆ Արմենիա գործարք. ներգրավված կողմերի մտահոգություններն ու դիրքորոշումները

Այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում քննարկվուն էր Թիմ ՍՊԸ և Վեոն Արմենիա ՓԲԸ համակենտրոնացման թույլտվության հարցը։ Beeline ապրանքանիշը ներկայացնող Վեոն Արմենիա ընկերության աշխատակիցները մտահոգություն ունեին, որ գործազուրկ կդառնան։ Սպուտնիկի մեր գործընկերներն այս մասին զրուցել էին Beeline Հայաստանի տնօրեն Անդրեյ Պյատախինի հետ։

«Բնական է, որ բոլոր նորմալ մարդիկ վախենում են փոփոխություններից և ամեն անգամ, երբ ինչ-որ փոփոխություններ են տեղի ունենում, մարդիկ անհանգստանում են իրենց համար: Մենք՝ որպես ընկերություն, երբեք չենք սահմանափակել մեր աշխատակիցների ազատ կամարտահայտման իրավունքը: Բայց որպես ընկերություն` նաև չենք մեկնաբանում տեղի ունեցածը»,- ասել էր Պյատախինը։

Այս մասով մտահոգություններն այսօր քննարկվել են նաև նիստում։

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նիստից հետո ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է այս թեմային։ Գևորգյանը մասնավորապես գրել է.

«Իմ հարցմանն ի պատասխան «Թիմ» ՍՊԸ պատասխանատուն հավաստիացրել է, որ համակենտրոնացման գործարքի թույլտվության դեպքում ընկերության աշխատակիցների զանգվածային կրճատումներ տեղի չեն ունենալու»։

Այս թեմային Թիմ ՍՊԸ ղեկավար Հայկ Եսայանի հետ զրույցում անդրադարձանք նաև մենք։

«Նիստի ժամանակ մենք հստակ նշեցինք, որ ազատումներ չեն լինելու, որովհետև մենք կարևորում ենք մարդկային ռեսուրսները, գիտելիքն ու փորձը։ Մենք էլ դրան կգումարենք մերը, և վստահ եմ՝ ավելի հետաքրքիր բան կարող ենք ստանալ։ Այսինքն, ընկերությունը ոչ թե կրճատումների լոգիկայով ենք տանելու, այլ ներդրումների ու զարգացման տեսլական ունենք», – ասաց Եսայանը։

Ի դեպ, երեկ հնարավոր գործարքի շուրջ իր մտահոգություններն էր հայտնել Ucom-ը։ Հայտարարության մեջ մասնավորապես նկատելի էր ընկերության մտահոգությունն առ այն, որ Եսայանները ծանոթ են Ucom-ին ներսից, իսկ Ալեքսանդր Եսայանը դեռ Ucom խորհրդի կազմում է։

«Ես Ucom-ին ոչ թե ծանոթ եմ ներսից, այլ ստեղծման օրից եմ ղեկավարել ընկերությունը։ Բայց ես այդ հիմնավորումներն անհիմն եմ համարում։ Նախ, հաղորդագրության մեջ նշվում է ֆիդուցիար պատասխանատվության մասին, որը օրենսդրությունը նախատեսում է ղեկավար պաշտոն զբաղեցնելու դեպքում, այսինքն, դուրս գալուց հետո պատասխանատվության խնդիր չկա։ Մեր շուկան դինամիկ ու շատ արագ փոխվող շուկա է։ Մեր տարաձայնությունը նրանում էր, որ մեր ստրատեգիկ ուղղություններն ու բյուջեն չհաստատվեց. Մեր տեսլականն այլ էր, բաժնետերերինն՝ այլ։ Հիմա կա նոր տնօրեն՝ իր թիմով, ես նույնիսկ չգիտեմ, թե ինչ տռսլակամ են իրենք զարգացնում։ Իսկ Ալեքսանդր Եսայանը, եթե չեմ սխալվում, մարտի 5-ից Յուքոմում չի զբաղեցնում փոխտնօրենի պաշտոնը։ Նա դիմում է գրել, որ անհապաղ դադարեցնի իր անդամությունը խորհրդում, պատասխանել են՝ դիմումը կբավարարվի 3 ամսվա ընթացքում։ Բայց ֆիքսենք, որ մինչև հունվար-փետրվար Յուքոմը խորհուրդ չի ունեցել, որովհետև եղել է ՍՊԸ, ապա դարձել ՓԲԸ։ Յուքոմի որևէ խորհրդի նիստի Ալեքսանդր Եսայանը չի մասնակցել։ Խորհրդի նիստ եղել է ապրիլի 14֊ին, ինչից հետո լրատվամիջոցներից տեղացա, որ ազատված եմ։ Ալեքսանդրն էլ միացել է ինձ։ Դրանից հետո որևէ նիստի չենք մասնակցել։ Սա շահարկելն առնվազն ճիշտ չէ», – «Բիզնես 24»-ի հարցադրմանը պատասխանեց Հայկ Եսայանը։

Թե երբ կկայանա Beeline-ի գնման հնարավոր գործարքի քննարկման հերթական նիստը և արդյոք հաշվի առնվելու են նաև Ucom ընկերության մտահոգությունները, փորձեցինք պարզել ՏՄՊՊՀ խոսնակ Անի Սմբատյանից։ Վերջինս ասաց՝ հարցին չեմ կարող պատասխանել , քանի որ դա պետք է որոշի հանձնաժողովը։

Share