Բաժին. Բիզնես

2021թ. հունվար-մարտին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 9.21%-ով

Պետական Եկամուտների Կոմիտեի կողմից հրապարակվել է ՀՀ 1,000 խոշոր հարկատու ընկերությունների 2021թ. հունվար-մարտ ամիսների ցուցակը, որտեղ ներկայացված են նաև Հայաստանի առաջատար հեռահաղորդակցական ընկերությունները։

ՄՏՍ Հայաստանը (Վիվա-ՄՏՍ) զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 6-րդ հորիզոնականը։ Ընկերությունը մուծել է 3.55 մլրդ դրամ հարկ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալը նվազել է 8.9%-ով կամ 0.347 մլրդ դրամով։

Յուքոմը (Ucom) զբաղեցնում է խոշոր հարկ վճարողների ցուցակի 12-րդ հորիզոնականը։ 2021թ. հունվար-մարտին ընկերությունը մուծել է 2.36 մլրդ դրամ հարկ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալն աճել է 20.27%-ով կամ 0.398 մլրդ դրամով։

36-րդ հորիզոնականում ՏԵԼԵԿՈՄ Արմենիան (Beeline) է, նախկինում՝ ՎԵՈՆ Արմենիա: Ընկերությունը մուծել է 1.92 մլրդ դրամ հարկ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 44.03%-ով կամ 0.844 մլրդ դրամով։

ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ (Ռոստելեկոմ) ընկերությունը ցուցակի 124-րդ հորիզոնականում է։ Ընկերությունը մուծել է 0.408 մլրդ դրամ հարկ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալն աճել է 12.02%-ով կամ 0.05 մլրդ դրամով։

Առաջատար 4 հեռահաղորդակցական ընկերության կողմից մուծվել է 7.39 մլրդ դրամ հարկ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 0.75 մլրդ դրամով կամ 9.21%-ով։

Վերոնշյալ հեռահաղորդակցական ընկերություններին բաժին է ընկնում 1,000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ընդհանուր ծավալի 2.84%-ը։ 2020թ.-ի համանման ցուցանիշը 3.31% էր։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 19/04/21 դրությամբ՝ 522.21 դրամ), ապա հեռահաղորդակցության ոլորտի առաջատարների կողմից մուծված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 14.15 մլն դոլար։

Share