Բաժին. Բիզնես

Աշնանը Shell-ը կգործարկի նոր որակի բենզալցակայանների ցանց. Բացառվում է Ադրբեջանից վառելիքի ներկրումը

Այս տարվա աշնանը Հայաստանում ևս Shell ընկերությունը կգործարկի նոր որակի և ստանդարտների համապատասխան բենզալցակայանների ցանց` բավարարելով հայկական շուկայում ոլորտի սպասարկման և նոր մոտեցումների կարիքը:

Բրիտանա-նիդերլանդական Shell էներգետիկ խոշոր ընկերությունը, որը մասնագիտացված է նավթի, բնական գազի արտադրության, վերամշակման և արտահանման ոլորտում, աշխարհում ամենաճանաչված ապրանքանիշերից մեկն է:

Դեռ 2017 թվականից մեկնարկած բանակցությունների արդյունքում` հաշվի առնելով, թե՛ վառելիքի որակը, թե՛ բենզալցակայանների ստանդարտներն ու մոտեցումները, ներկրող ընտրությունը կանգ առավ հոլանդա-բրիտանական հանրահայտ կոնցեռնի, վառելիքի շուկայի առաջատար Shell-ի վրա:

Shell-ը ներկայացված չէ հարևան Ադրբեջանում և որևիցե կապ չունի Ադրբեջանի նավթարդյունաբերության հետ, հետևաբար և բացառվում է Ադրբեջանից վառելիքի ներկրումը Հայաստան, ինչպես նաև դրա վաճառքը: Դա էլ եղել է Հայաստանում ընկերությունը ներկայացնող կազմակերպության կարևոր պահանջը: Այսինքն հասարակության շրջանում տարածված լուրերը, թե վառելիքը ներկրվելու Ադրբեջանից, իրականությանը չեն համապատասխանում:

Նախատեսվում է, որ Հայաստան վառելիք կներկրվի այն երկրներից, որտեղ որ Shell-ն ունի նավթամշակման արդյունաբերություն, կամ այլ համագործակցություններ: Սկզբնական շրջանում, որպես այդպիսին դիտարկվում է Հունաստանը։

Աշխարհի խոշորագույն Shell նավթագազային կորպորացիան ստեղծվել է «Royal Dutch Petroleum» և «Shell Transport & Trading» ընկերությունների միավորման արդյունքում և ներկայումս եկամտաբերությամբ աշխարհում գրավում է երկրորդ տեղը: Moody’s-ի տվյալների համաձայն ՝ 2018թ-ի ամենաշահութաբեր 7 ընկերություններից է: Այն գործում է 70-ից ավելի երկրներում:

Shell-ն առաջին համաշխարհային նավթային ընկերություններից է, որը մշակել և առաջարկել է համաշխարհային էներգետիկ շուկայի ապագա զարգացման սցենարներ, որը թույլ է տալիս ընկերություններին կառուցել իրենց զարգացման ռազմավարությունը, կառավարել ռիսկերը, կանխատեսել և հասկանալ նավթի և գազի շուկաներում փոփոխությունների դինամիկան:

Share