Բաժին. Բիզնես

«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ» ՀՀ ՄԱՆՐԱԾԱԽ ՇՈՒԿԱՅՈՒՄ. «ՍԹԱՐ»-Ը ԳՆՈՒՄ Է «ՖՐԵՇ» ԽԱՆՈՒԹՆԵՐԻ ՑԱՆՑԸ

Հայաստանի մանրածախ առևտրի ոլորտում սպասվում է մեծ փոփոխություն. ՍԹԱՐ սուպերմարկետների ցանցը կգնի «Ֆրեշ» խանութների ցանցը` այսպիսով էլ առավել ամրապնդելով իր դիրքերը Հայաստանի «սուպերմարկետային» շուկայում: Կողմերն արդեն իսկ ձեռք են բերել վերջնական պայմանավորվածություն, սակայն գործարքի վերաբերյալ մանրամասնությունները դեռևս չեն հրապարակվում:

ՍԹԱՐ-ի կողմից «Ֆրեշ» խանութների ցանցի գնման կապակցությամբ ՍԹԱՐ-ի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը նշել է, որ «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցի գնումը ՍԹԱՐ-ին հնարավարություն կտա մեծացնել վաճառքի ծավալներն, ինչպես նաև էապես նվազեցնել լոգիստիկ, դիստրիբուցիոն և ադմինիստրատիվ ծախսերը` հասնելով ցանկալի արդյունավետության, որն է 15-ից 20 տոկոսով ծախսերի նվազեցումը` նոր միավորված ցանցում:  

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՍԹԱՐ-ի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` գործարքն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ են ՀՀ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի համաձայնությունը և վերջնական փաստաթղթերի ստորագրումը:

Ենթադրվում է, որ իրավաբանական ձևակերպումները կավարտվեն 1 ամսվա ընթացքում որին անմիջապես կհաջորդեն զարգացման ռազմավարական ծրագրերի մշակման փուլը: Մոտ ապագայում ընկերությունը կհրավիրի մամուլի ասուլիս, որի ընթացքում կհրապարակվեն գործարքի մանրամասները և ընկերության զարգացման պլանները:

Նշենք, որ ՍԹԱՐ սուպերմարկետների ցանցը, որն այսօր խոշորագույնն է Հայաստանում, իր մեջ ընդգրկում է 18 սուպերմարկետ, որոնցից 17-ը գտնվում են Երևանում, իսկ 1-ը` Հրազդան քաղաքում: «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցն ընդգրկում է 4 «Ֆրեշ» և 3 «Քեթրին» խանութներ Երևանում: ՀՀ «սուպերմարկետային» շուկայի մյուս «խաղացողները»` Yerevan City-ն և SAS-ն, ունեն 7-ական սուպերմարկետներ (Yerevan City-ի սեփականատեր Սամվել Ալեքսանյանին են պատկանում նաև 2 Kayzer սուպերմարկետներ):
Այսպիսով, կարելի է ասել, որ ՍԹԱՐ սուպերմարկետների ցանցի կողմից «Ֆրեշ» խանութների ցանցի գնումը Հայաստանի մանրածախ շուկայի ընդհանուր մասշտաբով աննախադեպ է և կնպաստի ՀՀ մանրածախ շուկայում նոր զարգացումների ձևավորմանը:
Share