Բաժին. Բիզնես

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ. ԻՆՉՈՒ՞ HSBC-Ն ՈՐՈՇԵՑ ԴՈՒՐՍ ԳԱԼ ՎՐԱՍՏԱՆԻ ՇՈՒԿԱՅԻՑ

Վրաստանի շուկայից HSBC բանկի դուրս գալը պայմանավորված է այս երկրում բանկի բիզնեսի զարգացման ոչ բավարար մակարդակով: Այսօր` սեպտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանելով HSBC խմբի` Վրաստանի բանկային համակարգից դուրս գալու որոշումը` նշեց Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը: Նա տեղեկացրեց, որ այս տարվա մայիսին HSBC խմբի կողմից հայտարարված նոր ռազմավարության շրջանակներում մշակված օբյեկտիվ մեթոդաբանության հիման վրա HSBC բանկը գնահատել է աշխարհի տարբեր երկրներում գործող իր բիզնեսների արդյունավետությունը և ստացված արդյունքների հիման վրա որոշում ընդունել որոշ երկրներում մասնակիորեն կամ անբողջությամբ կրճատել իր բիզնեսը: 

«Ռազմավարությունը ենթադրում է 5 օբյեկտիվ չափորոշիչներ, որոնցով գնահատվել է բանկի գործունեությունը տարբեր երկրներում: Արդյունքում այն շուկաներում գործող բիզնեսների կապակցությամբ, որոնք չեն բավարարել չափանիշներին, որոշում է ընդունվել կրճատել բիզնեսն ամբողջությամբ կամ մասնակիորեն: Սա վերաբերում է նաև Վրաստանին, որտեղ գրանցվել են ցուցանիշների ոչ բավարար մակարդակ», – նշեց Ասթրիդ Քլիֆֆորդը` հավելելով, որ Վրաստանի բանկային շուկայից դուրս գալու որոշումը կապված չէ այս երկրի տնտեսության զարգացման հեռանկարներով, այլ զուտ բանկի բիզնեսին վերաբերող որոշում է: 

Ասթրիդ Քլիֆֆորդի խոսքերով` ըստ HSBC բանկի նոր ռազմավարության` կապիտալը և ռեսուրսները պետք է ուղղվեն դեպի այն շուկաներ, որտեղ կարելի է ապահովել կապիտալի աճի ավելի բարձր տեմպեր և եկամտաբերություն: Սա ենթադրում է, որ առաջիկայում տեղի կունենա կապիտալի վերաբաշխում` այլ երկրներում բանկի բիզնեսի ընդլայնման ուղղությամբ:

Գնահատելով Հայաստանում HSBC բանկի գործունեությունը` Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրենը նշեց, որ HSBC-ի բիզնեսը Հայաստանում բավականին հաջողակ է. բանկը աշխատում է շահութաբերությամբ` 1997 թվականից ի վեր, և բանկի կապիտալի եկամտաբերության ցուցանիշը բավականին բարձր է: 

Հայաստանյան իր բիզնեսի հետ կապված HSBC-ն նախատեսում է ընդլայնել իրականացվող ներդրումների ծավալը. սպասվում է, որ առաջիկայում բանկը կբացի 2 նոր մասնաճյուղ:

Share