Բաժին. Բիզնես

NOKIA-Ն ԳՐԱՆՑԵԼ Է ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԶԳԱԼԻ ԱՆԿՈՒՄ

Բջջային հեռախոսների արտադրությամբ համաշխարհային առաջատար ֆիննական Nokia ընկերությունը հրապարակել է 2011 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության ֆինանսական արդյունքների ամփոփ հաշվետվությունը: Համաձայն ներկայացված տվյալների`  հաշվետու այս երեք ամիսների արդյունքներով ընկերությունը կրել է 68 մլն եվրոյի զուտ վնաս: Նշենք, որ նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածում Nokia-ն ապահովել էր 529 մլն եվրոյի զուտ շահույթ:

Միևնույն ժամանակ, ֆիննական ընկերությունն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով, տարեկան կտրվածքով, գրանցել է վաճառքի ծավալների 12.6% անկում: Այս երեք ամիսներին Nokia-ի վաճառքի ծավալները կազմել են 8.98 մլրդ եվրո, և ընկերությունը համաշխարհային շուկայում իրացրել է 106.6 մլն բջջային հեռախոս: Ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել է 3% անկում:

Հատկանշական է, որ չնայած հաշվետու եռամսյակում Nokia-ի հիմնական ֆինանսական ցուցանիշները գրանցել են անկում, այնուամենայնիվ, վերջիններս գերազանցել են ընկերության կանխատեսումները: Ըստ վերլուծաբանների գնահատականների` արդեն մեկ տարի է, ինչ Nokia ընկերությունն «ապրում է» ներքին սուր ճգնաժամ, որի արդյունքում գրանցվում է ինչպես ընկերության ֆինանսական ցուցանիշների անկում, այնպես էլ համաշխարհային շուկայում Nokia-ի մասնաբաժնի կրճատում: 

Հիշեցնենք, որ 2011 թվականի փետրվարին Nokia ընկերությունը հայտարարել էր Microsoft-ի հետ գործընկերության մասին: Գործընկերության շրջանակներում Nokia-ն կարտադրի Windows Phone օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսներ, ինչը նշանակում է, որ ֆիննական ընկերությունն ընդունել է բջջային հեռախոսների համար նախատեսված սեփական օպերացիոն համակարգի պարտությունը: Այս համագործակցության շնորհիվ Nokia-ն կփորձի դիմակայել  բջջային հեռախոսների շուկայում առկա սուր մրցակցությանը:

Share