Բաժին. Բիզնես

APPLE-Ն «ԱՆՊԱՐՏԵԼԻ Է»

Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով ամերիկյան Apple ընկերությանը բաժին է ընկել բջջային հեռախոսների համաշխարհային արտադրության ոլորտում կուտակված համախառն շահույթի ավելի քան 50%-ը: Նման տվյալներ է հրապարակել Canaccord Genuity վերլուծական ընկերությունը:

Ինչպես պարզաբանում են վերլուծաբանները` Apple-ի այսպիսի հաջողությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այս ընկերության արտադրության iPhone սմարթֆոնները սպառողների շրջանում վայելու են առավել մեծ պահանջարկ, քան ոլորտում գործող այլ ընկերությունների արտադրության բջջային հեռախոսներն ու սմարթֆոնները: 2007 թվականից ի վեր` iPhone-ի առաջին սերնդի հեռախոսների թսղարկման օրվանից, ամերիկյան Apple ընկերությունը համաշխարհային շուկայում իրացրել է ավելի քան 150 մլն iPhone սմարթֆոն:

Հատկանշական է, որ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով բջջային հեռախոսների համաշխարհային արտադրության ոլորտում կուտակված համախառն գործառնական շահույթի իր մասնաբաժնով Apple-ին հաջորդում է հարավկորեական Samsung ընկերությունը: Վերջինիս բաժին է ընկնում բջջային հեռախոսների շուկայում գրանցված համախառն  շահույթի 29%-ը:

Բջջային հեռախոսների շուկայում երբեմնի համաշխարհային առաջատար ֆիննական Nokia ընկերությանն այսօր արդեն բաժին է ընկնում  ոլորտում կուտակված  շահույթի միայն 4%-ը: Նշենք, որ 2007 թվականին այս ցուցանիշը կազմել էր 67%:

Share