Բաժին. Բիզնես

ԱՄՆ ՓՈՍՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՐՋ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ

2010-2011 ֆինանսական տարվա արդյունքներով, որն ավարտվել է ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ին, ԱՄՆ փոստային ծառայությունը` USPS-ն (United States Postal Service), կրել  է զգալի վնասներ: Ինչպես հաղորդում է The Wall Street Journal-ը` ամերիկյան փոստային այս կառույցի ֆինանսական վնասները (ներառյալ նաև սոցիալական ապահովության տարեկան պարտադիր վճարումների ընդհանուր գումարը, որը դեռևս ենթակա է վճարման) կազմում են ավելի քան 10 մլրդ դոլար:  

Ինչպես հայտարարել են USPS-ի ներկայացուցիչները` փոստային ծառայության ֆինանսական կայունությունն, առանց պետական աջակցության և անհրաժեշտ ֆինանսական միջամտության, մոտ ապագայում  կարող է «փլուզվել»: Սպասվում է, որ 2012 ֆինանսական տարվա ավարտին ԱՄՆ փոստային ծառայության դրամական միջոցները կսպառվեն:

Նշենք, որ ընթացիկ ամսվա սկզբին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ Սենատը մշակում է նախագիծ` ԱՄՆ փոստային ծառայության աշխատանքների վերակազմավորման ուղղությամբ: Մասնավորապես, նախատեսվում է ընդլայնել այս կառույցի գործունեության շրջանակները` իրավունք տալով իրականացնել նաև գարեջրի, գինու և ոգելից այլ խմիչքների փոստային մատակարարում:

Նշենք, որ վերջին չորս տարիների կտրվածքով ԱՄՆ փոստային ծառայությունը կրել է շուրջ 20 մլրդ դոլարի վնաս և մեկ տարվա ընթացքում կրճատել ավելի քան 7500 աշշխատատեղ:

Share