Բաժին. Բիզնես

ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆ. «ՍԹԱՐ-Ը ԳԵՐՇԱՀՈՒՅԹ ՍՏԱՆԱԼՈՒ ՁԳՏՈՒՄՆԵՐ ՉՈՒՆԻ»

Հայաստանի մանրածախ շուկայում առևտրային մշակույթը դեռևս բավարար զարգացած չէ, ինչով և պայմանավորված`լինում են դեպքեր, երբ ապրանքները չեն ներկայացվում իրենց ճշգրիտ անվանումներով: Այսօր` նոյեմբերի 22-ին, նման կարծիք հայտնեց ՍԹԱՐ առևտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը` ներկայացնելով ՍԹԱՐ-ի դիրքորոշումը` ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կողմից ընդունված որոշման վերաբերյալ:

«Մենք ընդունում ենք այն փաստը, որ տեղի է ունեցել անճշտություն ու անհամապատասխանություն, սակայն համաձայն չենք ՏՄՊՊՀ-ի այն գնահատականի հետ, որ դա արվել է գերշահույթ հետապնդելու ակնկալիքով. ՏՄՊՊՀ-ն անհամաչափ խիստ պատիժ է սահմանել», – «Բիզնես 24»-ի հետ զրույցում նշեց Վահան Քերոբյանը` ընդգծելով, որ ՍԹԱՐ-ը գերշահույթ ստանալու ձգտումներ չի հետապնդում:

«Մենք ուղղակիորեն ճիշտ չեն ներկայացրել այն ապրանքների անվանումները, որոնք վաճառել ենք», – պարզաբացեց ՍԹԱՐ-ի գործադիր տնօրենը` վստահեցնելով, որ ՍԹԱՐ-ն առաջիկայում առավել հետևողական կլինի վաճառվող ապրանքների և դրանց փաստաթղթային անվանումների համապատասխանեցման հարցում  և այս առումով պատրաստ է համագործակցել նաև անկախ ու պետական վերահսկող մարմինների հետ` հետագայում նման հնարավոր անճշտություններից խուսափելու նպատակով:

Հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ-ն կարագի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող տնտեսվարողների փաստաթղթաշրջանառության ուսումնասիրության արդյունքում հայտնաբերել էր մի շարք խախտումներ: Մասնավորապես, բացահայտվել էին դեպքեր, երբ կարագի անվան տակ վաճառվել են գնային և որակական առումով էապես տարբեր սննդամթերք` բուսասերուցքային սպրեդ, որը տեսքով գրեթե չի տարբերվում կարագից և շատ ավելի էժան է: Ըստ ՏՄՊՊՀ եզրակացության` այս խախտումները շատ հաճախ թույլ են տվել հենց առևտրային ցանցերը, այդ թվում և «Սթար Դիվայդ»-ը, որոնք փաստաթղթերով մատակարարից գնել են բուսասերուցքային սփրեդ և այն վաճառել որպես կարագ:

Հանձնաժողովի դիտարկմամբ` այն տնտեսվարողները, որոնք բուսասերուցքային սփրեդը վաճառել են  կարագի անվան տակ, անհավասար մրցակցային պայմաններում են հայտնվել բարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ` ստանալով մրցակցային լուրջ առավելություններ:

Անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար ՏՄՊՊՀ որոշմամբ սահմանվել է 3 մլն դրամ տուգանք` յուրաքանչյուր իրավախախտման նկատմամբ:

Share