Բաժին. Բիզնես

FACEBOOK-Ի ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԵՆ 2.5 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԸ

2011 ֆինանսական տարվա առաջին ինն ամիսների արդյունքներով Facebook սոցիալական կայքի զուտ շահույթը կազմել է 714 մլն դոլար, իսկ ընդհանուր հասույթը` 2.5 մլրդ դոլար: Այս մասին հաղորդում է Gawker ամերիկյան աղբյուրը` տեղեկացնելով, որ հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ Facebook-ի ակտիվները գնահատվել են 5.6 մլրդ դոլար:

Հղում անելով սեփական հավաստի աղբյուրներին` Gawker-ը գրում է, որ ներկայումս Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը տնօրինում է սոցիալական կայքի բաժնետոմսերի 24%-ը: Facebook-ի աշխատակիցներին պատկանում է ընկերության բաժնետոմսերի 30%-ը: Միևնույն ժամանակ, Facebook-ի բաժնետերեր են նաև ռուս հայտնի գործարար ու միլիարդատեր Յուրի Միլների DST հիմնադրամը (10%), Accel Partners-ը (8%), Microsoft-ը (1,3%) և այլ ներդրողներ:

Նշենք, որ ավելի վաղ Reuters-ը տեղեկացրել էր, որ 2011 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Facebook-ի հասույթը կազմել է 1.6 մլրդ դոլար, շահույթը` 500 մլն դոլար: Վերլուծաբանները կանխատեսում են, որ 2011 թվականի արդյունքներով Facebook-ը կապահովի 4.27 մլն դոլարի հասույթ, ինչը շուրջ 2 անգամ կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշը:

Facebook-ը ոչ հրապարակային ընկերություն է, և վերջինիս ֆինանսական ցուցանիշները ենթակա չեն հրապարակման: Սակայն, 2012 թվականին նախատեսվող արժեթղթերի առաջնային տեղաբաշխման (IPO) արդյունքում Facebook-ը ևս կդառնա հրապարակային ընկերություն և արդեն պաշտոնապես կհրապարակի իր ֆինանսական ցուցանիշները:

The Wall Street Journal-ի տեղեկացմամբ` Facebook-ը մտադիր է IPO իրականացնել 2012 թվականի արդեն երկրորդ եռամսյակում և նախատեսում է գործընթացի արդյունքում ներգրավել շուրջ 10 մլրդ դոլար: Վերլուծաբանների գնահատմամբ`  IPO-ի շրջանակներում Facebook-ը կգնահատվի ավելի քան 100 մլրդ դոլար:

Ներկայումս Facebook-ի օգտագործողների թիվը գերազանցում է 800 մլն-ը:

Share