Բաժին. Բիզնես

Հայկ Եսայան. 2023թ.-ին ևս 120,000 տնտեսություն հնարավորություն կունենա օգտվել գերարագ կապից

Team Telecom Armenia-ն 2023-ը սկսել է նորություններով: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ու Team Telecom Armenia ընկերությունը թողարկել են միջազգային չափանիշներին համապատասխան հեռախոսազանգի հայկական մեղեդիների ձայնագրությունները: Սիմֆոնիկ ռինգթոններն արդեն հասանելի են iTunes երաժշտական հավելվածում: «Բիզնես 24»-ն արվածն ու անելիքն ամփոփել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի հետ:

Պարոն Եսայան, գիտեմ, որ 2022-ին սկսած մի շարք ծրագրեր շարունակական են նաև այս տարվա համար: Ո՞րն է ամենանշանակալին:

2022-ից ամենակարևորը կհամարեմ հին ենթակառուցվածքների վերակառուցումը: Այս ուղղությամբ մեր կատարած ու կատարելիք աշխատանքի ծավալը շատ մեծ է:

Nokia-ի հետ միասին սկսել էիք Հայաստանում նոր սերնդի օպտիկական NGN ցանցի կառուցումը, որը եզակի է մեր տարածաշրջանում և ամենաարագներից է աշխարհում: Ո՞ր փուլում են աշխատանքներն այս ուղղությամբ:

NGN ցանցի կառուցմամբ մենք նոր էջ բացեցինք Հայաստանի կապի պատմության մեջ: Ցանցի կառուցումը դեռ շարունակվում է: Բայց այն արդեն հասանելի է մայրաքաղաքի մի շարք վարչական շրջաններում և մարզային քաղաքներում: 2022-ին անցկացվել է 1 միլիոն մետր օպտիկամանրաթելային մալուխ և կառուցվել 150 հազար մետր մալուխատար: Այնպես որ, 25 Գբ/վ արագությամբ ինտերնետն արդեն հասանելի է ավելի քան 120 հազար ընտանիքի:

Այս տարի ևս 120 հազար տնտեսություն հնարավորություն կունենա օգտվել գերարագ կապից: Մինչև տարեվերջ հանրապետության մակարդակով այս ցանցի մեծ ծածկույթ կունենանք: Կարծում եմ՝ բավականին մեծ ցուցանիշ է 2 տարում այդպիսի մեծ վերազինում իրականացնելը:

Գիտեմ, որ Team-ը ցանկանում է դառնալ Հայաստանում առաջին բաց բաժնետիրական տելեկոմ օպերատորը:

Այո, մենք ԲԲԸ դառնալու գործընթացը սկսել ենք, որպեսզի կարողանանք արդեն բաժնետոմսեր թողարկել և բոլորին հնարավորություն ընձեռել դառնալ բաժնետեր: Team-ում կարծում ենք, որ տելեկոմը հանրային ծառայություններ մատուցող է, հետևաբար պետք է հանրային լինի:

Վստահեցնում եմ՝ 3-5 տարում դառնալու ենք շուկայի առաջատարը: Ի դեպ, վերջին 16 տարվա ընթացքում ընկերությունը միայն վերջին երկու տարում է, որ հասույթները բարելավվել է, օրեցօր ավելանում է բաժանորդային բազան: Կարող եմ ասել, որ Team-ն իսկապես շատ է աշխատում, անելիքները շատ են: Սկսվել է իրական հայկական տելեկոմի վերածնունդը:

Հիշեցնենք, որ Team Telecom Armenia-ն 2022թ. կատարված աշխատանքները ամփոփել էր տեղեկատվական տեսանյութով, որն էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

Share