Բաժին. Բիզնես

ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ՉԻ ՎԱԽԵՆՈՒՄ ՃԳՆԱԺԱՄԻՑ

2011 թվականն ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ն ամփոփել է լավ արդյունքներով` գերազանցելով նախաճգնաժամային մակարդակը: Այսօր` հունվարի 20-ին, լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես է եկել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի Գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը: Նա նշել է, որ չնայած 2011 թվականը համաշխարհային ֆինանսական շուկաների համար եղել է բավականին լարված տարի, և շատ ֆինանսական կառույցներ ունեցել են դժվարություններ, ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը կարողացել է ցուցաբերել կայունություն և տարին ամփոփել գոհացնող ցուցանիշներով:

Այսպես, ըստ ներկայացված տվյալների` 2011 թվականի արդյունքներով ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի ակտիվները կազմել են շուրջ 220 մլրդ ՀՀ դրամ: Նման ցուցանիշը, ըստ Ստեփան Գիշյանի, համադրելի է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկերի միջին ցուցանիշի հետ:

2011 թվականի արդյունքներով բանկի վարկային պորտֆելը կազմել է 140 մլրդ ՀՀ դրամ, որի 30-35%-ը կազմել են գյուղատնտեսական վարկերը, մոտ 30%-ը` սպառողական վարկերը, մնացյալ մասը բաժին է ընկել տնտեսության մյուս ոլորտներին: Ստեփան Գիշյանի բնորոշմամբ` բանկն ունի առողջ վարկային պորտֆել: Գյուղատնտեսական վարկավորման գծով ժամկետանց վարկերը չեն գերազանցում 1%-ը:

Նշենք նաև, որ 2011 թվականի վերջի դրությամբ ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի կապիտալը կազմել է 43.7 մլրդ ՀՀ դրամ, շահույթը` շուրջ  5.8 մլրդ ՀՀ դրամ:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի Գլխավոր գործադիր տնօրենի խոսքերով` բանկն այս տարի ևս շարունակելու է ակտիվ վարկավորումն ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ բոլոր մարզերում: 2012 թվականը ևս, ըստ Ստեփան Գիշյանի, բանկի համար կլինի լավ տարի և եվրոպական պարտքային ճգնաժամն ուղղակիորեն որևէ բացասական ազդեցություն չի թողնի բանկի գործունեության վրա:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1996թ: 2006թ. բանկի բաժնետեր է դարձել Եվրոպայում խոշորագույն ֆրանսիական Credit Agricole բանկային խումբը:

Share