Բաժին. Բիզնես

«ՏՐՈՅԿԱ ԴԻԱԼՈԳ». ԲՐԵՆԴԻ ՄԱՀՆ ՈՒ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ

Ռուսական «Սբերբանկ»-ը և ռուսաստանյան «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերությունն այսօր` հունվարի 23-ին, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` պաշտոնապես տեղեկացնելով, որ այս երկու ընկերությունների միաձուլման գործընթացն արդեն ավարտված է: Նախատեսվում է, որ միաձուլման արդյունքնում «Սբերբանկ»-ի կառուցվածքում կստեղծվի բիզնեսի նոր ստորաբաժանում` կորպորատիվ-ներդրումային բանկ (CIB), որը ծառայություններ կմատուցի ինչպես ռուսական, այնպես էլ արտասահմանյան ընկերություններին ու ֆինանսական ինստիտուտներին: Նոր ստորաբաժանումը կզբաղվի ակտիվների կառավարմամբ ու ներդրումային պրոդուկտների վաճառքով: Հատկանշական է, որ «Սբերբանկ»-ի այս նոր ստորաբաժանման ղեկավար կազմում կընդգրկվի «Տրոյկա Դիալոգ»  ընկերության նախկին ղեկավարների խումբը` հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ 2011 թվականի մայիսի 25-ին ստորագրվել էին «Տրոյկա Դիալոգ» ընկերության 100%-ը «Սբերբանկ»-ին փոխանցելու բոլոր իրավական փաստաթղթերը: Գործարքի ընդհանուր արժեքն, ըստ նախնական գնահատականների, կազմում է 1 մլրդ դոլար:

Նշենք նաև, որ «Սբերբանկ»-ը մտադիր է մինչև 2014 թվականը, «Տրոյկա Դիալոգ»-ի գնման շնորհիվ, կրկնապատկել իր բանկային-ներդրումային գործունեությունից ստացվող եկամուտները:

«Տրոյկա Դիալոգ» ընկերությունը հիմնադրվել էր 1991 թվականին և իր գործունեությունն էր ծավալում ԱՊՀ տարածքում` հանդիսանալով ոլորտի առաջատար ընկերություններից մեկը: Ընկերությունը զբաղվում էր արժեթղթերի առք ու վաճառքով, մատուցում էր բանկային ներդրումային ծառայություններ, իրականացնում էր ակտիվների կառավարում, ուղղակի և անուղղակի ներդրումներ և այլն: Ընկերության հիմնադիրներից էր նաև Ռուբեն Վարդանյանը:
Share