Բաժին. Բիզնես

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊՊԱ ՇՈՒԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն հրապարակել է 2011 թվականի վերջի դրությամբ ԱՊՊԱ (ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն) ոլորտի ամփոփ վիճակագրական տվյալներն` ըստ առանձին ապահովագրական ընկերությունների: Համաձայն այս տվյալների` 2011 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մեր հանրապետությունում հաշվառվել է գործող ԱՊՊԱ պայմանագիր`  392,7 հազար տրանսպորտային միջոցների վերաբերյալ: Հաշվեգրված ապահովագրական վճարների ընդհանուր գումարը կազմել է 14.8 մլրդ դրամ: Միևնույն ժամանակ, վերադարձված կամ վերադարձման ենթակա ապահովագրական վճարները կազմել են 288 մլն դրամ:

Ըստ ներկայացված տվյալների` դեկտեմբեր ամսվա վերջի դրությամբ ՀՀ ԱՊՊԱ շուկայի իր մասնաբաժնով բացարձակ առաջատար է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը: Վերջինս տնօրինում է հայաստանյան ԱՊՊԱ շուկայի շուրջ 33%-ը:  2011թ.-ի վերջի դրությամբ «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունում հաշվառվել է գործող ԱՊՊԱ պայմանագիր` ավելի քան 129 հազար տրանսպորտային միջոցների վերաբերյալ: Հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ընկերության մոտ հաշվեգրված ապահովագրական վճարների ընդհանուր գումարը կազմել է 4.8 մլրդ դրամ:

ՀՀ ԱՊՊԱ շուկայում իրենց մասնաբաժիններով «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ»-ին հաջորդում են «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» և «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունները` համապատասխանաբար 17% և 15% մասնաբաժիններով: 2011թ.-ի հոկտեմբերի 31-ի դրությամբ «ՌԵՍՈ» ընկերությունում գրանցված է եղել գործող ԱՊՊԱ պայմանագիր` շուրջ 58 հազար տրանսպորտային միջոցների վերաբերյալ, իսկ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունում` 67 հազար տրանսպորտային միջոցների վերաբերյալ:

ՀՀ-ում գործող մյուս ապահովագրական ընկերություններն ԱՊՊԱ շուկայում ապահովել են հետևյալ մասնաբաժինները. «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ»` 11% (44.5 հազար գործող ԱՊՊԱ պայմանագիր), «ԳԱՐԱՆՏ-ԼԻՄԵՆՍ»` 6.8% (27 հազար գործող ԱՊՊԱ պայմանագիր),  «ԿԱՍԿԱԴ ԻՆՇՈՒՐԱՆՍ»` 6.2% (24.6 հազար գործող ԱՊՊԱ պայմանագիր),  «ՌԱՍԿՈ»` 6.2%  (24.6 հազար գործող ԱՊՊԱ պայմանագիր), «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ»` 4% (15 հազար գործող ԱՊՊԱ պայմանագիր):

Նշենք, որ վերջին մի քանի ամիսների կտրվածքով հայաստանյան ԱՊՊԱ շուկայում խաղացողների դիրքային փոփոխություններ չեն գրանցվել: Միևնույն ժամանակ, խոշոր խաղացողների մասնաբաժինները փոքր-ինչ աճել են` «թույլ» խաղացողների մասնաբաժինների կրճատման հաշվին:

Share