Բաժին. Բիզնես

Team-ը DigiTec-ում. Էլեկտրոմոբիլների լիցքավորում, cloud gaming և այլ տեխնոլոգիական լուծումներ

Մեկնարկեց տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական DigiTec ցուցահանդեսը։ Team-ը ներկայացավ ընկերությունների խմբով, որում ներառված ընկերություններին միավորում է նորարար գաղափարներ կյանքի կոչելու ձգտումը, պրոֆեսիոնալիզմը, ինչպես նաև սեփական երկրի տնտեսության ցուցանիշների աճի վրա ազդելու մեծ ցանկությունը։

Ժամանակակից լուծումներով տաղավարում Team Telecom Armenia, Team Pay, Team Solutions, Team Systems ու buy.am ընկերությունները մինչև մարտի 12-ը ինտերակտիվ ձևով այցելուներին ներկայացնելու են իրենց նոր ծառայություններն ու պրոդուկտները, իսկ HR անկյունում՝ Թիմում աշխատանքի հնարավորությունները։

«Որպես տեխնոլոգիական ընկերությունների խումբ այս եզակի միջոցառումից Թիմն անմասն մնալ չէր կարող թե՛ որպես աջակից, թե՛ մասնակից։ Սա հնարավորություն է ծնունդով հայկական տեխնոլոգիական ընկերությունների համար փորձի փոխանակման, նոր կապեր ստեղծելու, ինչպես նաև գործընկերներ գտնելու տեսանկյունից»,- խոսելով Դիջիթեքի կարևորության մասին՝ նշեց Թիմ ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը։

Թիմ ընկերությունների խմբի ամենամեծ ու լայնածավալ ծառայություններ մատուցող Team Telecom Armenia-ն Դիջիթեքին ներկայանում է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ NGN (Next Generation Network) ցանցով և Cosmo սակագնային փաթեթներով։ Ցուցահանդեսի մասնակիցները Team-ի գերարագ ինտերնետը կարող են փորձարկել cloud gaming գոտում՝ խաղալով ամենավերջին սերնդի խաղերը ամպային տեխնոլոգիաների միջոցով։

Ներկայացնելով ընկերություններից յուրաքանչյուրի գործունեության ոլորտն ու գրանցած հաջողությունները՝ Հայկ Եսայանը առանձնացրեց ու կարևորեց Team Systems ընկերության Team Energy նախագիծը, որը էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանց է կառուցում ՀՀ ամբողջ տարածքում՝ խրախուսելով էլեկտրամոբիլների տարածումն ու օգտագործումը։

Team Systems-ն իրականացնում է նաև ՏՏ սարքավորումների և համակարգերի մատակարարում ու ներդրում, ինչպես նաև էլեկտրատեխնիկական, անվտանգության,  խելացի տան համակարգերի նախագծում, իրագործում և սպասարկում։

Ընկերությունների խմբում Team Pay վճարահաշվարկային ընկերությունն առաջարկում է կատարել ֆինանսական գործարքներ «մեկ պատուհան» սկզբունքով։ Այն արդեն գործում է Team Telecom Armenia-ի 18 մասնաճյուղերում, իսկ այս տարի նախատեսվում է բջջային հավելվածի թողարկումը։ Դիջիթեքի այցելուները հնարավորություն ունեն առաջինը փորձարկելու հավելվածի դեմո տարբերակը։

Մյուս, Team Solutions ընկերությունը ստեղծում է ծրագրային ապահովման գործիքներ ու լուծումներ, որոնք օգնում են հաճախորդներին ավտոմատացնել գործընթացներն ու ընդլայնել իրենց գործունեությունը։ Ընկերությունը մշակում է նաև կառավարման էլեկտրոնային համակարգեր, իսկ ZANGEZOR և HZOR պրոդուկտների միջոցով ապահովում է Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող կառույցների ու ընկերությունների թեժ գծերի անխափան աշխատանքը։

Հայաստանում առաջին առցանց մոլը՝ Buy.am-ը, ներկայացրեց նոր կայքի բետա տարբերակը, որտեղից այսուհետև հնարավոր է կատարել խմբային պատվերներ՝ հատուկ այդ պատվերի համար ստեղծված հղումը կիսելով, օրինակ, թիմի անդամների հետ, որոնցից յուրաքանչյուրը կարող է ավելացնել իր ցանկալի ապրանքը։

HR անկյունում անցկացվում է նաև մասնագիտական քուիզ, որի հաղթողները ստանում են մեկ օր մասնակից ընկերություններից որևէ մեկում անցկացնելու և աշխատանքային ընթացքին ներսից ծանոթանալու հնարավորություն։ Թիմ ընկերությունների խմբում ներառված ընկերությունների թափուր հաստիքներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Share