Բաժին. Բիզնես

«ԷՅՉ-ԷՍ-ԲՍ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ՏԱՐԻՆ ԱՄՓՈՓԵԼ Է ԼԱՎ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՎ

«Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ն ամփոփել է 2011 թվականի իր գործունեության արդյունքները: Այսօր` մարտի 5-ին հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը և Գլխավոր ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը ներկայացրեցին բանկի տարեկան ֆինանսական ցուցանիշներն ու հիմնական ձեռքբերումները:

Ըստ հրապարակված տվյալների` 2011 թվականի արդյունքներով բանկի տարեկան շահույթը մինչև հարկումը կազմել է 8.3 մլրդ ՀՀ դրամ: Ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ աճել է շուրջ 40%-ով: Միևնույն ժամանակ, հաշվետու այս մեկ տարում բանկի ակտիվներն աճել են 23.5%-ով` կազմելով 179 մլրդ ՀՀ դրամ, իսկ վարկերի համախառն ծավալն աճել է 5.7%-ով և կազմել շուրջ 108 մլրդ ՀՀ դրամ: Հատկանշական է, որ բանկի վարկային պորտֆելում գերակշռել են իրավաբանական անձ հաճախորդներին տրամադրված վարկերը, որոնք մեկ տարվա ընթացքում աճելով 34%-ով, տարեվերջին կազմել են  86.5 մլրդ ՀՀ դրամ:

Ինչպես տեղեկացրեց Գևորգ Թառումյանը` «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան»-ի վարկային պորտֆելը բավականին դիվերսիֆիկացված է. բանկն այս պահին կենտրոնացվածության խնդիր չունի: Ինչ վերաբերում է բանկի վարկային պորտֆելում  «վատ» վարկերի տեսակարար կշռին, ապա այս ցուցանիշն, ըստ բանկի Գլխավոր ֆինանսական տնօրենի, գտնվում է վերահսկելի մակարդակում: Այսպես, 2011 թվականի արդյունքներով բանկի վարկային պորտֆելում ժամկետանց վարկերը կազմել են 3.7%, ընդ որում` կորպորատիվ վարկային պորտֆելում ժամկետանց վարկերը կազմել են 3%, իսկ ֆիզիկական անձանց վարկային պորտֆելում` 5-6%:

2012 թվականի համար «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան»-ը նախատեսում է կորպորատիվ հաճախորդների վարկավորման ծավալի ավելացում` 100 մլն ԱՄՆ դոլարով, և ֆիզիկական անձանց վարկավորման աճ` 30 մլն ԱՄՆ դոլարով:

2011 թվականի արդյունքներով միջազգային առևտրի ֆինանսավորման հայաստանյան շուկայում «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան»-ի մասնաբաժինը կազմել է 40%:

Նշենք նաև, որ 2011 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան»-ի հաճախորդների ավանդները կազմել են 120 մլրդ ՀՀ դրամ` մեկ տարվա ընթացքում աճելով 14.4%: 2011 թվականի ընթացքում բանկը վճարել է 1.1 մլրդ ՀՀ դրամ շահաբաժիններ` 2010 թվականի արդյունքներով:

2011 թվականին բանկի կողմից վճարված հարկերի ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 2.9 մլրդ դրամ` նախորդ տարվա համեմատությամբ ապահովելով 145% աճ:

Share