Բաժին. Բիզնես

FACEBOOK-Ի IPO-Ն ՄՈՏԵՆՈՒՄ Է

Աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցը՝  Facebook-ը, որը բանակցություններ է վարում արժեթղթերի առաջնային տեղաբաշխում (IPO) իրականացնելու ուղղությամբ, արգելել է ալտերնատիվ բորսաներին, որոնք կազմակերպում են մասնավոր ընկերությունների արժեթղթերի վաճառքը, արդեն հաջորդ շաբաթվանից գործառնություններ իրականացնել իր արժեթղթերով: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:

Ընկերության ներկայացուցիչների հայտարարության համաձայն՝ Facebook-ն արդեն համապատասխան կարգադրություններ է տվել էլեկտրոնային առևտրային հարթակներին՝ ապրիլից ընկերության արժեթղթերով գործարքների դադարեցման մասին: Նման քայլը հնարավորություն կտա Facebook-ի IPO-ի ժամանակ առավել ճիշտ գնահատել իր բաժնետերերի շրջանակները: Միևնույն ժամանակ, ներդրողները հնարավորություն կունենան հստակ պատկերացում կազմել ընկերության արժեթղթերի իրական գնի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա փետրվար ամսին Facebook-ը արժեթղթերի առաջնային տեղաբաշխում (IPO) իրականացնելու նպատակով իր համապատասխան դիմումը ներկայացրել էր ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հաձնաժողով (SEC): Ինչպես նշվում է SEC-ին ներկայացված փաստաթղթերում` Facebook-ը մտադիր է IPO-ի արդյունքում ներգրավել նվազագույնը 5 մլրդ ԱՄՆ դոլար: Վերլուծաբանների գնահատմամբ` IPO-ի շրջանակներում ընկերությունը կգնահատվի 75-100 մլրդ դոլար:

Հատկանշական է, որ SEC-ի ներկայացված փաստաթղթերում Facebook-ը հրապարակել է որոշ ֆինանսական ցուցանիշներ: Այսպես, 2011 ֆինանսական տարվա արդյունքներով Facebook-ի հասույթը կազմել է 3.71 մլրդ դոլար, իսկ շահույթը, մեկ տարվա ընթացքում աճելով շուրջ 65%-ով, կազմել է 1 մլրդ դոլար:

Նշենք, որ մինչ IPO իրականացնելը Facebook-ը մասնավոր ընկերություն է, ինչը նշանակում է, որ ընկերության արժեթղթերը չեն կարող շրջանառվել ավանդական բորսաներում: Այլընտրանքային տարբերակ են ալտերնատիվ բորսաները:

Share