Բաժին. Բիզնես

ՍԹԱՐ-Ը ԲԱՑԵՑ ԱՅՍ ՏԱՐՎԱ ԻՐ ԱՌԱՋԻՆ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏԸ

Այսօր` ապրիլի 3-ին, Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում հանդիսավոր կերպով բացվեց ՍԹԱՐ առևտրային ցանցի նոր սուպերմարկետը. այն ցանցի թվով 29-րդ խանութն է և 2-րդը` Կոտայքի մարզում: Խանութի բացման արարողությանը ներկա էր ՍԹԱՐ առևտրային ցանցի ղեկավարությունը, ինչպես նաև Բյուրեղավանի քաղաքապետարանի և ՍԹԱՐ-ի մատակարար ընկերությունների ներկայացուցիչներ:

Ինչպես խանութի բացման արարողության ժամանակ ընդգծեց ՍԹԱՐ առևտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանն` այս խանութի բացումը ռազմավարական նշանակություն ունի ՍԹԱՐ-ի համար: «Սա այս տարվա մեր առաջին խանութն է, և մենք նախատեսում ենք տարվա ընթացքում բացել ևս 20 խանութ, որից 10-ը տեղակայված կլինեն ՀՀ մարզերում», – նշեց Վահան Քերոբյանը` հավելելով, որ առաջիկա 2-3 տարիներին ՍԹԱՐ-ը կապահովի իր ներկայությունը Հայաստանի բոլոր մարզերում` այդ կերպ վերածվելով ազգային առևտրային ցանցի:

Նշենք, որ նորաբաց ՍԹԱՐ խանութն ունի 255 քմ առևտրային տարածք, տեղակայված է Վ. Սարգսյան 2 հասցեում` Բյուրեղավան քաղաքի ամենաաշխույժ և բանուկ փողոցներից մեկում: Խանութի ապրանքատեսականին կազմված է 5000-ից ավել ապրանքային միավորից: Տեսականու 80%-ը սննդային ապրանքներ են, իսկ 20%-ը` տնտեսական և կենցաղային:

Խանութը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, որտեղ ստեղծված է քաղաքակիրթ առևտրի պայմաններ` հարմարավետ գնումներ կատարելու համար: Խանութում առաջարկվող ծառայությունները ներառում են «ՍթարՔարտ» հաճախորդների պարգևատրման ծրագրի միջոցով միավորների կուտակում, հաճախորդների հետ հետադարձ կապի կետ, դրամարկղում ոչ կանխիկ վճարման հնարավորություն, տարադրամի փոխանակման կետ և բանկոմատներ: Նոր խանութում տեղադրված են 4 դրամարկղ:

Բացման առաջին իսկ օրից խանութում հասանելի կլինեն շաբաթական ակցիաները: Ընթացիկ ակցիաներից բացի, միայն այս խանութի համար կգործեն նաև հատուկ ակցիաներ, որոնք մշակված են` հաշվի առնելով տեղանքի յուրահատկությունն ու բնակիչների պահանջմունքները:

Խանութում նաև ներկայացված է ՍԹԱՐ սեփական ապրանքանիշի լայն տեսականի, որը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին խնայել գնումներ կատարելիս:

Հատկանշական է, որ Բյուրեղավանում ՍԹԱՐ-ը նախատեսում է մասնակցել նաև մի շարք համայնքային միջոցառումներին` նպատակ հետապնդելով ինտեգրվել համայնքային կյանքում և հանդես գալ որպես համայնքի լիիրավ անդամ:  

Նշենք նաև, որ Բյուրեղավանում ՍԹԱՐ խանութի բացմամբ ստեղծվել է 35 նոր աշխատատեղ:

Share