Բաժին. Բիզնես

COMEDY CLUB PRODUCTION-Ը ՎԱՃԱՌՎԵԼ Է 350 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ

Ռուսական «Գազպրոմբանկ»-ն ամփոփել է 2011 թվականի իր գործունեության արդյունքները և հրապարակել ամփոփ հաշվետվություն, որտեղ ներկայացված է նաև Comedy Club Production (ССР) ընկերության բաժնետոմսերի 75%-ի ձեռքբերման գործարքի վերաբերյալ որոշ մանրամասներ:

Ըստ հրապարակված տվյալների՝ գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 10.27 մլրդ ռուբլի (շուրջ 350 մլն ԱՄՆ դոլար), ընդ որում՝ այս գումարի հիմնական մասը՝ 7.48 մլրդ ռուբլին, վճարվել է անմիջապես, իսկ մնացյալ մասը՝ 2.78 մլրդ ռուբլին, կփոխանցվի առաջիկա երեք տարիների ընթացքում՝ կախված CCP-ի ծրագրերի վարկանիշից:

Հիշեցնենք, որ ТНТ հոլդինգը, որը հանդիսանում է «Գազպրոմբանկ»-ին պատկանող «Գազպրոմ-մեդիա» ընկերությունների խմբի մաս, Comedy Club Production (CCP) ընկերության խոշոր բաժնետեր դառնալու իր մտադրության մասին հայտնել էր անցյալ տարվա դեկտեմբերին:  

Ռուսական աղբյուրների փոխանցմամբ` գործարքի արդյունքում ТНТ-ն ձեռք է բերել նաև Comedy Club Production-ի կողմից մինչ այս արտադրված բոլոր ծրագրերի տնօրինման, ինչպես նաև նոր ծրագրերի թողարկման երկարաժամկետ պայմանագրերի իրականացման իրավունքը:

Սինգապուրյան գրանցում ունեցող Comedy Club Production-ը ռուսական ТНТ ժամանցային հեռուստաալիքի հիմնական «արտադրողն է»: Ընկերության հիմնադիրը և մինչ այս գլխավոր սեփականատերն Արթուր Ջանիբեկյանն էր, ով շարունակում է մնալ ընկերության բաժնետեր: Comedy Club Production-ում բաժնեմաս ունի նաև Գարիկ Մարտիրոսյանը:

Share