Բաժին. Բիզնես

GOOGLE-Ի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 60%-ՈՎ

2012 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով ամերիկյան ինտերնետային հսկան՝ Google ընկերությունը, ապահովել է 2.89 մլրդ ԱՄՆ դոլարի զուտ շահույթ: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 60.6%-ով:

Ինչպես նշվում է Google-ի հրապարակած եռամսյակային ամփոփ ֆինանսական հաշվետվության մեջ՝ ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին ընկերության հասույթը տարեկան կտրվածքով աճել է 24%-ով և կազմել 10.65 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ գործառնական շահույթն, աճելով 27%-ով, սահմանվել է 3.39 մլրդ ԱՄՆ դոլար մակարդակում:

Նշենք նաև, որ 2011 թվականի արդյունքներով Google-ի տարեկան զուտ շահույթն աճել էր 14.5%-ով և կազմել 9.74 մլրդ ԱՄՆ դոլար: Հասույթն այս նույն ժամանակահատվածում աճել էր 29.3%-ով և կազմել 37.91 մլրդ ԱՄՆ դոլար:

Google-ն ինտերնետային որոնման համակարգերի շուկայի բացարձակ առաջատարն է: Ներկայումս ընկերությանը բաժին է ընկնում այս շուկայի ավելի քան 80%-ը: Ընկերության եկամուտների մեծ մասն ապահովում է օնլայն գովազդը:

Google-ը հիմնադրվել է 1998 թվականին: 2004 թվականին ընկերությունն իրականացրել է IPO (արժեթղթերի առաջնային տեղաբաշխում)՝ ներգրավելով 1.9 մլրդ ԱՄՆ դոլար:

Share