Բաժին. Բիզնես

PERNOD RICARD-Ը ՊԱՐՏՎԵԼ Է ԲՐԵՆԴԱՅԻՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ

Ալկոհոլային խմիչքների արտադրությամբ առաջատար ֆրանսիական Pernod Ricard ընկերությունը հաշտվել է պարտության մտքի հետ և հրաժարվել իրեն պատկանող Havana Club բրենդն ամերիկյան շուկայում ներկայացնելու իրավունքից:

Ինչպես նշվում է ընկերության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ՝  Pernod Ricard-ը որոշել է վերջ դնել ամերիկյան դատական մարմինների հետ շուրջ 17 տարի ձգվող պայքարին, որի նպատակն ամերիկյան շուկայում Havana Club բրենդի ներքո հանդես գալու և այդ բրենդի խմիչքներ մատակարարելու իրավունքի ձեռքբերում էր: Ամերիկյան դատական մարմինները մերժում էին ընկերությանը նման իրավունք տալու բոլոր հայցերը՝ հիմք ընդունելով երկրում գործող այն օրենքն, ըստ որի՝ արգելվում է ԱՄՆ-ում գրանցել այն ապրանքային նշանները, որոնք ազգայնացվել են Ֆիդել Կաստրոյի ռեժիմի ժամանակ:

Այժմ Pernod Ricard-ը որոշել է ստեղծել նոր՝ Havanista բրենդ, որի ներքո խմիչքներ կարտադրվեն այն նույն գործարաններում, որտեղ շշալցվում է Havana Club ապրանքային նշանի արտադրանքը: Այս պարագայում ընկերությունը կկարողանա համաձայնության գալ ամերիկյան իշխանությունների հետ և հաջողությամբ մուտք գործել ամերիկյան շուկա, եթե ԱՄՆ կառավարությունը որոշի վերացնել կուբական արտադրության ապրանքների ներմուծման արգելքը:

Նշենք, որ Havana Club բրենդն ազգայնացվել էր 1959 թվականին Կուբայում տեղի ունեցած հեղափոխության ժամանակ: Հետագայում, 1993 թվականին Pernod Ricard-ը դարձել է կուբական Cubaexport պետական ընկերության գործընկերը և իրավունք ստացել ամբողջ աշխարհում ներկայացնել Havana Club բրենդը:

Share