Բաժին. Բիզնես

Team Telecom Armenia-ի IPO-ի քեյսը՝ CaseKey  2023-ի մասնակիցների համար

CaseKey 2023-ի շրջանակում ներկայացվեց Team Telecom Armenia-ի բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման քեյսը: ՀՀ տարբեր բուհերից շուրջ 200 ուսանող ծանոթացավ IPO բոլոր մանրամասներին ու թիմերին տրամադրվեց խնդիրը, որի լուծումները թիմերը պետք է առաջարկեն 72 ժամում:

«Թիմերի առջև դրված խնդիրները և պարզ են, և բարդ, որովհետև մեր շուկայի համար բացառիկ է, երբ հանրային ծառայություններ մատուցող ընկերությունը գնում է առաջնային հրապարակային տեղաբաշխման: Մեր դեպքում սա տեղի է ունեցել, և այստեղ թիմերը կանգնելու են մի խնդրի առաջ, որը դեռ ոչ ոքի առաջ չի դրվել: Մենք արդեն ունենք որոշ քայլեր, որոնք արտացոլված են մեր ռազմավարության մեջ, բայց իրենց լուծումները հաստատ էական նշանակություն կունենան: Մեր ընկերությունը IPO-ով դարձել է ամբողջությամբ հանրային, և սա ևս մեկ քայլ է ցույց տալու, որ մենք հանրային ենք ու բաց քննարկման ենք պատրաստ մեր բաժնետերերի հետ», – ասում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Բիզնես-խնդիրների լուծման մրցույթի նպատակն է հնարավորություն ու փորձառություն տալ երիտասարդներին բուժերում սովորածը կիրառել իրական բիզնես-քեյսերում: Team Telecom Armenia-ն առաջին անգամը չէ, որ ներգրավված է CaseKey-ում:

«Team Telecom Armenia-ն մեզ համար շատ կարևոր գործընկեր է: Դուրս է եկել IPO-ի՝ թույլ տալով քաղաքացիները բաժնետեր դառնալ ընկերությունում:  Շնորհակալ ենք Team-ին, որ իրենց քեյսը վստահել են մեզ, պատրաստ են երիտասարդների գաղափարները լսել, լավագույն լուծումներ առաջարկողներին էլ ներգրավել դրանց իրագործմանը», – ասում է CaseKey-ի հիմնադիր Արշակ Կարապետյանը:

Միայն վերջին  3 ամսում մրցույթում ներգրավվել են ավելի քան 230 ուսանող, 30 մարզիչ, 15 ԲՈւՀ, կրթական կենտրոն և տարբեր ոլորտներ ներկայացնող ձեռնարկություններ: Մրցույթի մասնակից 22 թիմերի առաջարկներից ընտրվելու են լավագույն 6 լուծումները, որոնք կներկայացվեն օգոստոսի 6-ին:

Իսկ Team Telecom Armenia-ի առաջադրած խնդրի ներկայացումից հետո տեղի ունեցավ պանելային քննարկում, որի ընթացքում Ֆինանսաբանկային ոլորտի մասնագետները քննարկեցին բաժնետոմսերի տեղաբաշխման ընձեռած հնարավորությունները տնտեսությանը, ընկերությանը և հանրությանը:

Team-ի բաժնետոմսերի տեղաբաշխողը Ամերիաբանկն է: Ամերիաբանկի Ներդրումային բանկային գործառնությունների գծով տնօրեն Առնո Մոսիկյանը նկատում է՝ Team Telecom Armenia-ն աճի մեծ ներուժ ունի:

«Շնորհակալ ենք ընկերությանը, որ հնարավորություն է տալիս մեզ նման ներդրողներին ապագայում տեսնել, զգալ ընկերության արժեքի աճը՝ բաժնետոմսի գնի աճի միջոցով»:

Հիշեցնենք՝ Team-ի բաժնետոմսեր կարող եք ձեռք բերել Ամերիաբանկի MyAmeria հավելվածի MyInvest հարթակում, Ամերիաբանկի Ինտերնետ բանկինգ համակարգով կամ առձեռն:

Share