Բաժին. Բիզնես

«ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ ԻՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ

Այսօր՝ հունիսի 12-ին, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ գլխավոր գրասենյակում տեղի ունեցավ առևտրի ֆինանսավորման ծառայությունների երրորդ` 2011 թվականի լավագույն հաճախորդների մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը, որի շրջանակներում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը հավաստագրեր և կորպորատիվ խորհրդանշական հուշանվերներ հանձնեց լավագույնը ճանաչված հինգ հաճախորդների:

Իր ողջյունի խոսքում Ասթրիդ Քլիֆֆորդն ընդգծեց, որ Էյչ-Էս-Բի-Սի-ն ունի հաճախորդներին աջակցելու և գլոբալ բիզնես վարելու հեռանկարներին ծանոթացնելու համապատասխան փորձ: «Առևտրի ֆինանսավորման մեր մասնագետները Հայաստանի ներմուծողներին և արտահանողներին աջակցում և խորհրդատվություն են տրամադրում յուրաքանչյուր օր, ինչպես նաև պարբերաբար անցկացվող և արդեն իսկ լուրջ համբավ ձեռք բերած Էյչ-Էս-Բի-Սի Առևտրի Ֆինանսավորման Ակադեմիայի միջոցով: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանին բաժին է ընկնում առևտրի ֆինանսավորման շուկայի 36 տոկոսը, սակայն մեր նպատակն է հասնել նրան, որ բոլոր բիզնեսները, որոնց գործունեությունը հատում է Հայաստանի սահմանները, գործընկեր-բանկի հարցում ընտրություն կատարեն հօգուտ մեր բանկի», – նշեց «Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան»-ի Գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը: 

Նշենք, որ մրցանակները հանձնվեցին հետևյալ անվանակարգերում.

Լավագույն Հաճախորդ` Միջազգային առևտրի մրցանակ – «Արայ» ընկերություն

Լավագույն Հաճախորդ` Նորարարական առևտրի մրցանակ – «Մանանա Գրեյն» ընկերություն

Լավագույն Հաճախորդ` Նորեկ հաճախորդ առևտրի մրցանակ – «ԷդՍպո» ընկերություն

Լավագույն Հաճախորդ` Գլխավոր գործադիր տնօրենի մրցանակ – «Ֆուրնիվուդ» ընկերություն

Լավագույն Հաճախորդ` Գլխավոր մրցանակ – «Կարկոմ ավտո» ընկերություն

Միջոցառման ժամանակ խրախուսական մրցանակի արժանացավ նաև «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի՝  ֆինանսական գործիքների վաճառքի գծով լավագույն ցուցանիշն ապահոված աշխատակից Կամո Մարգարյանը:

2011 թվականին Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի կողմից տրամադրված Առևտրի ֆինանսավորման ծառայությունների ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 43 տոկոսով` կազմելով 18.5 միլիարդ ՀՀ դրամ: Մասնավորապես, թողարկված փաստաթղթային ակրեդիտիվների ծավալը կազմել է 5 միլիարդ ՀՀ դրամ` աճելով 61 տոկոսով, բանկային երաշխիքները` 6.1 միլիարդ ՀՀ դրամ (աճը` 24 տոկոս), իսկ տրամադրված ներմուծման վարկերի ծավալը կազմել է 2.3 միլիարդ ՀՀ դրամ` 2010 թվականի համեմատ աճելով 28 տոկոսով:

Նշենք, որ հինգ մայրցամաքներում Էյչ-Էս-Բի-Սի ընդարձակ ցանցը և աշխարհի 80 երկրներում բանկի երկարամյա գործունեության հարուստ տեղական փորձը հնարավորություն են ընձեռում ոչ միայն հնարավորինս բացառել միջազգային առևտրին բնորոշ ռիսկերը, այլև ներկրողների և արտահանողների համար հասնել լավագույն ֆինանսական լուծումների:

«Էյչ-Էս-Բի-Սի»-ն բրիտանական հեղինակավոր Global Trade Review (GTR) պարբերականի կողմից չորրորդ տարին անընդմեջ ճանաչվել է 2011 թվականի «Առևտրի ֆինանսավորման լավագույն բանկը աշխարհում»: «Առևտրի ֆինանսավորման ոլորտում առաջատար բանկերը» գլոբալ հարցման արդյունքներով «Էյչ-Էս-Բի-Սի»-ն առաջին անգամ արժանացել է նաև “Արտահանումը ֆինանսավորող լավագույն բանկը աշխարհում» մրցանակին` այդպիսով դառնալով առաջին բանկը, որը միաժամանակ ճանաչվում է լավագույնը միանգամից երկու անվանակարգերում:

Share