Բաժին. Բիզնես

ԾԱՂԿԱՁՈՐԻ «ԱԴԻԳԱԶ» ՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԿԱՆՑՆԻ MARRIOTT-ԻՆ

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Իշխան Կարապետյանը և Marriott International Inc ընկերության Միջազգային հյուրանոցային զարգացման եվրոպական մասի տնօրեն Տուոմաս Լաակսոն ստորագրել են համաձայնագիր:

Ըստ համաձայնագրի՝ «ՀայՌուսգազարդ ՓԲԸին պատկանող Ծաղկաձորի «Ադիգազ» հանգստյան տան կառավարումը կանցնի MARRIOTT ընկերությանը: Համալիրը կկրի TSAGHKADZOR MARRIOTT HOTEL անվանումը:

Նշենք, որ «Ադիգազ» հանգստյան տան վերակառուցման ծրագրի շրջանակում միջազգային ստանդարտներին համապատասխան հյուրանոցային համալիր կառուցելու որոշման արդյունքում դեռևս 13.04.2011թ. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ եւ Marriott International ընկերության Luxury Hotels International Management Company B.V.-ի միջև կնքվել էր «Մտադրությունների մասին հուշագիր»՝ «Ադիգազ» հանգստյան տունը վերակառուցելու եւ MARRIOTT միջազգային բարձրակարգ հյուրանոցային ցանցին միավորելու վերաբերյալ:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ եւ MARRIOTT International Design and Construction Services (MIDCS) ընկերության միջև կնքված Միջանկյալ խորհրդատվական ծառայությունների համաձայնագրով նախատեսվում է հյուրանոցի վերակառուցումը իրականացնել MARRIOTT միջազգային բարձրակարգ հյուրանոցային բրենդի չափանիշներին համապատասխան:

Ինչպես հուշագրի ստորագրման արարողության ժամանակ նշել է Իշխան Կարապետյանը՝ վերակառուցման ծրագրի համար հիմք են հանդիսացել Հայաստանի զբոսաշրջության զարգացման ուղղությամբ ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի նախընտրական ծրագրում ամրագրված դրույթները:

«Նախագիծը կյանքի կոչվեց եւ դարձավ իրականություն «Գազպրոմ» ընկերության գործուն եւ իրական աջակցության արդյունքում: Չնայած նրան, որ հյուրանոցային համալիրը «ՀայՌուսգազարդ»-ի համար գործունեության հիմնական ուղղություն չի հանդիսանում, այնուամենայնիվ, հարկ եմ համարում ընգծել, որ այն իր տեխնիկական եւ դիզայներական լուծումներով համապատասխանում է հյուրանոցային բիզնեսում ընդունված ամենաբարձր չափանիշներին», – ասել է ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալը:

Marriot International Inc ընկերության Միջազգային հյուրանոցային զարգացման եվրոպական մասի տնօրեն Տուոմաս Լաակսոն իր հերթին գոհունակությամբ նշել է, որ այս նախագծի միջոցով Marriot ընկերությունն ընդլայնում է իր հնարավորություններն տարածաշրջանում, մասնավորապես Հայաստանում:

«Մենք մեծ ակնկալիքով ցանկանում ենք համագործակցել «ՀայՌուսգազարդ»-ի հետ՝ որպես հուսալի գործընկերոջ: «ՀայՌուսգազարդ»-ի մեր գործընկերների հետ համագործակցելով՝ մենք ցանկանում ենք ստեղծել կարիերայի զարգացման հնարավորություններ, ինչպես նաեւ ժամանցի ու հանգստի պայմաններ մեր հյուրերի համար», – ասել է Տուոմաս Լաակսոն:

Հյուրանոցային համալիրի բացումը նախատեսվում է 2012թ. սեպտեմբերին` միջազգային զբոսաշրջային շուկային առաջարկելով մրցունակ զբոսաշրջային արդյունք և բարձրակարգ ծառայություններ:

Հյուրանոցային համալիրի շինարարությունն ու ձևավորումը իրականացվել է միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան և հսկվել է համաշխարհային բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից:

Հյուրանոցը ունի ավելի քան 100 համար, հյուրանոցում ընդգրկված է ծառայությունների մատուցման լայն սպեկտոր և ժամանցի կազմակերպման ամենատարբեր առաջարկներ:

«ՀայՌուսգազարդ» ընկերությունում վստահ են, որ հյուրանոցի շահագործումը ևս մեկ առաջընթաց քայլ է Հայաստանում զբոսաշրջության ոլորտի կայուն զարգացումն ապահովելու և օտարերկրյա շուկաներում հայաստանյան զբոսաշրջային արդյունքը խթանելու համար:

Share