Բաժին. Բիզնես

ԱՇՆԱՆ ՄԵԿՆԱՐԿԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԵՐԿՈՒ ՆՈՐ ԳՐԱՎԻՉ ԱՌԱՋԱՐԿ

«Մաքսիմում+» ավանդատեսակը գրավիչ տոկոսադրույքներով և հիփոթեքային վարկ՝ առանց կանխավճարի. սրանք այն երկու նոր ծառայություններն են, որոնք աշնան մեկնարկին հաճախորդներին ներկայացրեց Զարգացման հայկական բանկը՝  ընդլայնելով ՀՀ ֆինանսական ծառայությունների շուկայում գործող գրավիչ առաջարկների ցանկը:

Բանկի ներդրած  երկու նոր ծառայություններից առաջինը «Մաքսիմում+» ավանդատեսակն է, որի համար հայտարարված ակցիան կգործի մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը՝ ավանդատուներին առաջարկելով մաքսիմում տոկոսադրույքներ (ՀՀ դրամով` 14%, ԱՄՆ դոլարով` 10%, եվրոյով` 8% տարեկան տոկոսադրույքներ):

Բացի գրավիչ տոկոսադրույքներից այս ավանդատեսակի համար Բանկը սահմանել է նաև մի շարք առավելություններ, որոնք կգրավեն յուրաքանչյուր ավանդատուի ուշադրությունը: Ավանդի պայմանագրի խզման դեպքում հաճախորդը ամբողջական կիսամյակի համար (այն դեպքում, երբ հաճախորդը խզում է պայմանագիրը՝ պահպանելով ավանդը առնվազն 6 ամիս) կստանա ՀՀ դրամի համար 9%, իսկ արտարժույթի համար 7% տարեկան տոկոսադրույք: Հատկապես գրավիչ է այն, որ պայմանագրի գործողության երկրորդ տարվա ընթացքում ցանկացած պահի ավանդի գումարի նվազեցման դեպքում (ներառյալ պայմանագրի վաղաժամկետ, մասնակի կամ ամբողջական խզումը) տոկոսագումարի վերահաշվարկ չի կատարվում և հաճախորդին վճարվում են պայմանագրով սահմանված  ՀՀ դրամի համար 14%, ԱՄՆ դոլարի համար 10% և Եվրոյի համար 8% տարեկան տոկոսադրույքներ: Ավանդային պայմանագրի գործողության առաջին տարվա ընթացքում ավանդատուն հնարավորություն ունի նաև համալրելու ավանդը ներդրված սկզբնական գումարի չափով:

Զարգացման Հայկական Բանկի կողմից առաջարկվող երկրորդ նորույթն առանց կանխավճարի հիփոթեքային վարկատեսակն է, որի միջոցով բնակարանի ձեռքբերումը Բանկը հասանելի է դարձրել հատկապես այն անձանց, ովքեր չունեն կանխավճարային միջոցներ: Լրացուցիչ գրավի առկայության պարագայում բանկը հնարավորություն է ընձեռում հաճախորդին ձեռք բերել բնակարան, առանձնատուն կամ ցանկացած այլ անշարժ գույք՝ ստանալով վարկ ձեռք բերվող անշարժ գույքի  գնահատված արժեքի մինչև 100%-ի չափով: Առանց կանխավճարի հիփոթեքային վարկերը տրամադրվում են մինչև 10 տարի մարման ժամկետով, մինչև 100 մլն ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի գումարի չափով, տարեկան տոկոսադրույքը` 12-18%: Ընդ որում, վարկ/գրավ (ձեռք բերվող անշարժ գույքը և լրացուցիչ անշարժ գույքը միասին) առավելագույն հարաբերակցությունը սահմանվում է 60%:

Share