Բաժին. Բիզնես

FACEBOOK-Ն ԱՇԽԱՏՈՒՄ Է ՎՆԱՍՈՎ

Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում Facebook-ը կրել է 59 մլն ԱՄՆ դոլարի զուտ վնաս` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 227 մլն ԱՄՆ դոլար զուտ շահույթի դիմաց: Այս մասին նշվում է ընկերության հրապարակած ամփոփ հաշվետվության մեջ:

Ըստ ներկայացված տվյալների` 2012 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցի ապահոված հասույթը տարեկան կտրվածքով աճել է 32%-ով և կազմել 1.26 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ գործառնական շահույթը, կրճատվելով 9%-ով, կազմել է 377 մլն ԱՄՆ դոլար:

Նշենք, որ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում Facebook-ի կրած զուտ վնասը կազմել էր 157 մլն ԱՄՆ դոլար:

Facebook սոցիալական ցանցը հիմնադրվել է 2004 թվականին` Մարկ Ցուկերբերգի կողմից: Այժմ սոցիալական ցանցի օգտատերերի թիվը գերազանցում է 600 մլն-ը:

Հիշեցնենք, որ մայիսին կայացել էր Facebook-ի IPO-ն, որի շրջանակներում ընկերությունն իր բաժնետոմսերի համար սահմանել էր բավականին բարձր գին՝ 38 ԱՄՆ դոլար մեկ բաժնետոմսի դիմաց: Ընկերությունը NASDAQ բորսայում տեղաբաշխել էր 421,2 մլն բաժնետոմս:

Share