Բաժին. Բիզնես

Formula VC վենչուրային ֆոնդում 1.03 մլն դոլարի ներդրում է կատարել Ցե-Կվադրատ Ամպեգա կենսաթոշակային ֆոնդը

Առաջին ներդրումը վենչուրային ֆոնդում կենսաթոշակային ֆոնդերի կողմից. տնտեսության իրական հատվածի և ձեռներեցության զարգացմանն ուղղված կարևոր քայլ։

Ցե-Կվադրատ Ամպեգան ուրախ է հայտարարել Formula VC վենչուրային ֆոնդում ներդրումներ կատարելու որոշման մասին։ Ցե-Կվադրատ Ամպեգան, կարևորելով ՀՀ տնտեսության իրական հատվածի զարգացումը, որոշում է կայացրել իր կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի միջոցով ներդրումներ կատարել Formula VC վենչուրային ֆոնդում, որը թիրախավորում է ՏՏ ոլորտի զարգացումը ՀՀ-ում։

«Մենք կարևորում ենք ՀՀ տնտեսության իրական հատվածի զարգացումը և տարբեր ներդրումային հնարավորություններ մշտապես գտնվում են մեր դիտադաշտում։ Կենսաթոշակային ֆոնդերի կառավարման տեսանկյունից, մեզ համար միշտ առաջնահերթ է ֆիդուցիար պատասխանատվությունը և մասնակիցների լավագույն շահերից գործելը։  Formula VC վենչուրային ֆոնդում ներդրում կատարելով՝ մենք բալանսավորում ենք մեր նպատակներն ու մասնակիցների համար ռիսկ և եկամուտ գրավիչ հարաբերակցության առաջնայնությունները՝ միաժամանակ նպաստելով ՀՀ տնտեսության համար առաջնահերթություն կրող ՏՏ ոլորտի զարգացմանը։»,- ասաց «Ցե-Կվադրատ Ամպեգա Արմենիա» ընկերության տնօրեն Արման Վարդանյանը։

«Միջազգային շուկաներում կենսաթոշակային ֆոնդերը բավականին ակտիվորեն ներգրավված են նորարարական էկոհամակարգերի զարգացման գործում հենց վենչուրային ֆոնդերին ֆինասավորելու միջոցով: Հայաստանում նորարարական ՏՏ էկոհամակարգը աշխարհում արագ տեմպերով զարգացողների թվում կարելի է դասել, ինչին նպաստում են նաև ՀՀ-ում գործող վենչուրային ֆոնդերը: Ցե-Կվադրատ Ամպեգա Արմենիա-ի կողմից մեր ֆոնդում ներդրում կատարելու որոշումը շատ ենք կարևորում և՛ որպես տեղական ինտիտուցիոնալ ներդրողի կողմից ՀՀ համար ռազմավարական նշանակության ոլորտում ներդրում, և՛ որպես նախադեպ այլ տեղական և միջազգային ինստիտուցիոնալ ներդրողների կողմից ապագայում ներդրումների համար:»,- նշեց Formula VC ֆոնդի կառավարիչ «Ֆորմուլա Վենչուրս» ընկերության տնօրեն Կարեն Վարդանյանը։

Տեղեկացնենք, որ կենսաթոշակային ֆոնդերի կողմից ներդրումների ծավալը 1 մլն 30 հազար ԱՄՆ դոլար է: Ներդրումային որոշումը կայացվել է ամիսներ տևած մանրակրկիտ հետազոտության արդյունքում, որի ընթացքում գնահատվել են վենչուրային ֆոնդի ներդրումային քաղաքականությունը, առկա ներդրումային պորտֆելի ընկերությունների պոտենցիալը, աճին նպաստող գործոնները, ընդհանուր ռիսկի մակարդակը, սպասվող ներդրումները, ֆոնդի կառուցվածքը և այլ ցուցանիշներ։

Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ընկերությունը կենսաթոշակային և ներդրումային ֆոնդերի կառավարիչ ընկերություն է, որի նպատակը Հայաստանում միջազգային լավագույն փորձին համահունչ ակտիվների կառավարման բարձրակարգ ծառայությունների մատուցումն է։ Ընկերությունը կառավարում է ավելի քան 400 միլիարդ ՀՀ դրամ արժողությամբ կենսաթոշակային և ներդրումային ֆոնդերի ակտիվներ շուրջ 360 հազար մասնակիցների համար։

Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին և հանդիսանում է ավստրիական «Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերության (C-QUADRAT Investment AG) և գերմանական «Ամպեգա ասեթ մենեջմենթ» (Ampega Asset Management GmbH)` «Տալանքս ԱԳ գրուփի» (Talanx AG Group) անդամ ընկերության համատեղ ձեռնարկություն։

Formula VC-ն վենչուրային ֆոնդ է, որի նպատակն է աջակցել  վաղ փուլում գտնվող ստարտափներին ռեսուրսներով, կապերով, մասնագիտական ցանցով և նպաստել, որպեսզի այդ նորարար թիմերը դառնան գլոբալ խաղացողներ իրենց ոլորտներում։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share