Բաժին. Բիզնես

PERNOD RICARD-Ի ԲՐԵՆԴԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐՆ ԱՌԱՎԵԼ ՊԱՀԱՆՋՎԱԾ ԵՆ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ

Ընթացիկ ֆինանսական տարվա առաջին կեսին, որն ավարտվել է 2012 թվականի դեկտեմբերին, ոգելից խմիչքների արտադրության ոլորտում համաշխարհային առաջատար ընկերություններից մեկը՝ ֆրանսիական Pernod Ricard-ը, ապահովել է շուրջ 847 մլն եվրոյի զուտ շահույթ: Նախորդ ֆինանսական տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 6%-ով՝ գերազանցելով ինչպես ընկերության, այնպես էլ շուկայի սպասումները: Զուտ շահույթի աճին մեծապես նպաստել է ընկերության արտադրանքի նկատմամբ աճող պահանջարկը՝ Չինաստանում և Ռուսաստանում:

Հատկանշական է, որ հաշվետու ամիսներին Pernod Ricard-ը եվրոպական երկրներում գրանցել է վաճառքի ծավալների անկում: Միևնույն ժամանակ, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում Pernod Ricard-ի վաճառքի ծավալներն աճել են 6%-ով, իսկ զարգացող շուկաներում գրանցվել է վաճառքի ծավալների 14% աճ:

Նշենք, որ Pernod Ricard ընկերությունների խումբը հիմնադրվել է 1975 թվականին և ներկայացնում է մի շարք հայտնի ապրանքային նշաններ (Jameson, Jacob’s Creek, Havana Club, Chivas Regal, Martell, Ballantine’s, Malibu, Kahlua, Beefeater, Absolut Vodka, Olmeca և այլն):

Pernod Ricard ընկերությունների խմբի մեջ է մտնում նաև Երևանի կոնյակի գործարանը («Արարատ» կոնյակներ): Pernod Ricard-ը Երևանի կոնյակի գործարանը գնել է 1998 թվականին՝ 30 մլն ԱՄՆ դոլարով: 

2011-2012 ֆինանսական տարում Pernod Ricard-ի հասույթը կազմել էր 8,22 մլրդ եվրո:

Share