Բաժին. Բիզնես

ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՔ ԲԵՐԻ «ԱՐՄԱՎԻԱՅԻ» 51% ԲԱԺՆԵՄԱՍԸ

«Արմավիա» ավիաընկերության ճակատագիրը դեռևս պարզ չէ. ընկերության ապագայի վերաբերյալ շրջանառվում է երեք հիմնական տարբերակ: Ըստ առաջին տարբերակի՝ «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր կարող է դառնալ ամերիկյան մի ընկերություն: Երկրորդ տարբերակի դեպքում՝ ավիաընկերությունը կարող են գնել իտալացի ներդրողները: Երրորդ տարբերակը ենթադրում է, որ «Արմավիա» ընկերության 51% մասնաբաժինը ձեռք կբերի ՀՀ կառավարությունը, ինչը Հայաստանի համար կլինի աննախադեպ: Անկախացումից հետո առաջին անգամ Հայաստանում ռազմավարական նշանակություն ունեցող մասնավոր ընկերությունը կանցնի պետական սեփականության:

«168 ժամ»-ի տվյալներով՝ «Արմավիա» ավիաընկերության միջազգային պարտքը կազմում է ավելի քան 3 մլն ԱՄՆ դոլար, և այս գումարը, այսպես թե այնպես, պետք է մարի պետությունը, քանի որ սնանկացած ավիաընկերության պարտքը փոխանցվում է այն երկրի քաղավիացիային, որը թույլատրել է տվյալ ավիաընկերությանը թռիչքներ իրականացնել: ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչությունը պետական կառույց է, ինչը նշանակում է, որ «Արմավիա» ընկերության պարտքը ուղղակիորեն դառնում է պետական պարտք:

Հիշեցնենք, որ «Արմավիա» ավիաընկերությունն անցյալ շաբաթ հայտարարեց սնանկության գործընթաց սկսելու և չվերթները դադարեցնելու մասին:

Ընկերության պարզաբանմամբ՝  2008 թվականի ճգնաժամը բացասական ազդեցություն է թողել «Արմավիա» ավիաընկերության գործունեության վրա: Ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը ավիաընկերության զարգացումն ապահովելու համար վերջին երեք տարիների ընթացքում ներդրել է այլ բիզնեսներից ստացված գումարները:  

«Այսօր իրավիճակն այնպիսին է, որ հնարավոր չէ նման կերպ աշխատել, այդ իսկ պատճառով որոշում է կայացվել դադարեցնել չվերթները և սկսել սնանկության գործընթացը», – ասվում է ավիաընկերության հաղորդագրության մեջ:

Share