Բաժին. Բիզնես

2012Թ.-ԻՆ ՄԱՐԿ ՑՈՒԿԵՐԲԵՐԳՆ ԱՇԽԱՏԵԼ Է ՇՈՒՐՋ 2 ՄԼՆ ԴՈԼԱՐ

2012 թվականին Facebook սոցիալական ցանցի հիմնադիր և գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգի տարեկան փոխհատուցումները, ներառյալ աշխատավարձը, բոնուսները և այլ վճարումները, կազմել են 1,99 մլն ԱՄՆ դոլար, ինչը 16%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը: Այս մասին նշվում է Facebook կողմից ԱՄՆ արժեթղթերի և բորսաների SEC հանձնաժողովին տրամադրված նախնական փաստաթղթերում:

Ըստ հրապարակված տվյալների՝ 2012 թվականին Մարկ Ցուկերբերգի աշխատավարձը կազմել է 503,2 հազար ԱՄՆ դոլար, տարեկան բոնուսները՝ 266,1 հազար ԱՄՆ դոլար: Մնացյալ 1,22 մլն ԱՄՆ դոլարը կազմել են անձնական ուղևորություններին ու անվտանգությանն ուղղված ծախսերը:

Սպասվում է, որ Մարկ Ցուկերբերգի տարեկան փոխհատուցումների վերջնական ծավալը կհաստատվի հունիսի 11-ին կայանալիք՝ ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հունվարի 1-ից Մարկ Ցուկերբերգի նախաձեռնությամբ իր տարեկան բազային աշխատավարձը սահմանվել է 1 ԱՄՆ դոլար, ինչի արդյունքում Ցուկերբերգի եկամուտներն ուղղակի կախվածության մեջ են հայտնվել Facebook-ի ֆինանսական ցուցանիշներից:

2012  թվականին Facebook-ն իրականացրել էր արժեթղթերի առաջնային տեղաբաշխում (IPO): Ներկայում Facebook-ում Մարկ Ցուկերբերգի մասնաբաժինը գնահատվում է շուրջ 16,4 մլրդ ԱՄՆ դոլար: Bloomberg-ի միլիարդատերերի ցուցակում Ցուկերբերգը 70-րդն է:

Share