Բաժին. Բիզնես

ՍՈՒՐ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ «ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 6%-ՈՎ

Ընթացիկ տարվա առաջին երեք ամսում հայաստանյան բջջային կապի օպերատոր «ԱրմենՏել» ընկերությունը, որը Հայաստանում ներկայացնում է Beeline ապրանքանիշը («ՎիմպելԿոմ Լթդ»), գրանցել է եկամուտների անկում:

«ՎիմպելԿոմ Լթդ» ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն՝ «ԱրմենՏել» ընկերության եռամսյակային եկամուտների անկումը հիմնականում պայմանավորվել է ֆիքսված և ձայնային ծառայությունների ոլորտում եկամուտների ստագնացիայով, ինչպես նաև բջջային սարքավորումների վաճառքի ցածր ցուցանիշով:  Հաշվետվության մեջ նշվում է, որ Beeline-ի հայաստանյան բիզնեսի բջջային սեգմենտը գործում է սուր մրցակցության պայմաններում, և անգամ բջջային ինտերնետի ոլորտում գրանցված եկամուտների աճը չի կարողացել «ծածկել» ամբողջ բջջային ոլորտի անկումը:

Ներկայացված տվյալների համաձայն` ընթացիկ տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, «ԱրմենՏել» ընկերության  զուտ գործառնական եկամուտները նվազել են 6%-ով և կազմել 14,179 մլրդ ՀՀ դրամ (շուրջ 34 մլն ԱՄՆ դոլար): EBITDA-ի ցուցանիշը (շահույթը մինչև տոկոսների, հարկերի, մաշվածքի և ամորտիզացիայի նվազեցումը) նվազել է 4%-ով և կազմել 5,551 մլրդ ՀՀ դրամ:

Հաշվետու եռամսյակի վերջի դրությամբ «ԱրմենՏել» ընկերության բջջային կապի բաժանորդների ընդհանուր թվաքանակը կազմել է 756 հազար: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պահպանվել է գրեթե նույն մակարդակում:

Միևնույն ժամանակ, առաջին եռամսյակի արդյունքներով ARPU ցուցանիշը (մեկ բաժանորդին բաժին ընկող եկամուտը) կազմել է 2446 դրամ:

Share