Բաժին. Բիզնես

FRANCE TELECOM-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ՍՏԵՖԱՆ ՌԻՇԱՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

Ֆրանսիայի ոստիկանությունը հարցաքննման նպատակով ձերբակալել է France Telecom (Orange) հեռահաղորդակցական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ստեֆան Ռիշարին (Stéphane Richard), ով մեղադրվում է «Բերնար Տապիի գործում» իր մասնակցությունն ունենալու մեջ: Reuters-ը գրում է, որ նախնական հարցաքննությունը կարող է տևել, ընդհանուր առմամբ, 48 ժամ, որից հետո որոշում կընդունվի՝ սկսել Ստեֆան Ռիշարի նկատմամբ պաշտոնական հետաքննություն, թե ոչ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ այս գործով ոստիկանությունը հարցաքննել էր Ռիշարի նախկին գործընկեր, իսկ այժմ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդին:

Լագարդը, ով 2008 թվականին զբաղեցնում էր Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, մեղադրվում է իր պաշտոնավարման տարիներին դիրքը չարաշահելու և Ֆրանսիայի Արբիտրաժային դատարանի վրա «ճնշում գործադրելու» մեջ:

Ըստ հետաքննության՝ «ենթադրվող ճնշման» արդյունքում դատարանն ընդունել էր որոշում, ըստ որի՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի բարեկամ, քաղաքական գործիչ և գործարար Բերնար Տապիի՝ Adidas ընկերությունում ունեցած բաժնեմասի վաճառքի դիմաց սահմանվել էր բավականին մեծ փոխհատուցման գումար՝ 285 մլն եվրո, որը վճարվել էր պետական միջոցներից:

Բանն այն է, որ 1993 թվականին Բերնար Տապին վաճառել էր Adidas ընկերությունում ունեցած իր բաժնեմասը: Գործաքի կնքման ժամանակ որպես միջնորդ հանդես էր եկել Credit Lyonnais պետական բանկը: Հետագայում այս բանկի դեմ Տապին ներկայացրել էր դատական հայց՝ մեղադրելով կեղծիքի մեջ և պահանջելով փոխհատուցում:

Ըստ գործով առկա հրապարակումների՝ «փոխադարձ համաձայնության» արդյունքում դատարանն ընդունել էր Տապիին գոհացնող որոշում, իսկ վերջինս իր «ներդրում էր ունեցել» Նիկոլա Սարկոզիի՝ նախագահ դառնալու հարցում:

Ստեֆան Ռիշարն այդ ժամանակ եղել է Քրիստին Լագարդի անմիջական ղեկավարը:

Հատկանշական է, որ France Telecom ընկերությունն արդեն իսկ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում ասվում է, որ Ստեֆան Ռիշարը շարունակում է մնալ ընկերության ղեկավարի պաշտոնում, սակայն վերջինիս բացակայության ժամանակ ղեկավարի պաշտոնը կստանձնի գլխավոր տնօրենի տեղակալ Ժերվե Պալիսեն:

«Բերնար Տապիի գործով» հետաքննությունը մեկնարկել էր 2011 թվականին:

Share