Բաժին. Բիզնես

STARBUCKS-Ը ՈՐՈՇԵԼ Է «ԱՇԽԱՏԵԼ ՕՐԵՆՔՈՎ»

Վերջին շուրջ չորս տարվա ընթացքում առաջին անգամ Starbucks ցանցը կատարել է Մեծ Բրիտանիայի կառավարության հանդեպ ունեցած իր հարկային պարտավորությունները և երկրի բյուջե վճարել շուրջ 5 մլն ֆունտ: Ինչպես հաղորդում է եվրոպական մամուլը՝  կուտակված պարտքի մնացյալ մասը, որը կազմում է մոտ 15 մլն ֆունտ, Starbucks-ը պարտավորվել է վճարել մինչև 2015 թվականը:  

Հատկանշական է, որ Starbucks-ը կուտակված հարկային պարտավորությունները վճարելու որոշում է ընդունել Մեծ Բրիտանիայի ղեկավարության ճնշման տակ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի բյուջետային կոմիտեի ներկայացուցիչներն ամերիկյան մի շարք ընկերությունների, այդ թվում և Starbucks-ին, մեղադրել էին հարկերի վճարումից խուսափելու մեջ: Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել էր, որ Starbucks-ը և վերջինիս «համախոհ» ընկերությունները Մեծ Բրիտանիայի տարածքում աշխատած իրենց եկամուտների հաշվարկման համար օգտագործել են բարդ հաշվապահական մեխանիզմներ, որոնք հնարավորություն են տվել շրջանցելով օրենքը՝ խուսափել հարկերից: Խորհրդարանի ներկայացուցիչները ստեղծված իրավիճակում անհրաժեշտ և պարտադիր են համարել հարկային բարեփոխումների իրականացումը և կուտակված հարկային պարտավորությունների պարտադիր գանձումը:

Ներկայում Starbucks-ն իր գործունեությունը ծավալում է աշխարհի 50 երկրում:

Առաջին Starbucks սրճարանը բացվել է 1971 թվականին:

Share