Բաժին. Բիզնես

ԿՐԻՍՏՈԲԱԴԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՇԿԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԲԱՎԸ

Արդեն մեկ տարի է, ինչ Իտալիայում վերապատրաստված դիզայներ-վարպետներ Արմեն Բադալյանը և Մհեր Քրիստոստուրյանը ձեռնամուխ են եղել հայկական կոշիկագործության համբավը վերականգնելու դժվարին գործին: Նրանց կողմից հիմնադրված «Կրիստոբադ» ապրանքային նշանով արտադրվող կոշիկներն արդեն հայտնի են ԱՊՀ մի շարք երկրներում: Հայաստանի արդյունաբերության երբեմնի կարևորագույն ճյուղերից մեկի ներկա իրավիճակին ծանոթանալու նպատակով մեր թղթակիցը հյուրընկալվել էր «Կրիստոբադ» ընկերությունում:

Որպես իր գործի նվիրյալ և վարպետ` ձեռնարկության տնօրեն Մհեր Քրիստոստուրյանը կարող է ժամեր շարունակ խոսել կոշկագործության մասին և ներկայացնել անծանոթի աչքին աննկատ մանրամասներ: Հպարտությամբ խոսելով կոշկագործ վարպետների մասին` նա նշում է. «Հայերը հոյակապ վարպետներ են, պարզապես պետք է պատրաստ լինեն անընդհատ սովորել և կատարելագործել իրենց ունակությունները: Արտասահմանից դեռևս շատ բան ունենք սովորելու, հատկապես, երբ խոսքը վերաբերում էաշխատանքային մշակույթին: Լավ կոշիկ արտադրելու համար պետք է պատրաստ լինենք մանրակրկիտ աշխատանք կատարել կոշիկի ամեն մի մասնիկի վրա: Պետք է հիշենք, որ մեկ փոքր թերությունը կարող է զրոյի հասցնել բոլորիս կողմից ներդրված ջանքերը: Իհարկե, կատարելության հասնել հնարավոր չէ, սակայն երբեք պետք չէ դադարել շարժվել այդ ուղղությամբ»:

Քրիստոստուրյանի խոսքով` որպես արտահանող ընկերություն իրենց բոլոր ջանքերն այժմ կենտրոնացած են «Կրիստոբադ» բրենդը զարգացնելու և որքան հնարավոր է հայտնի դարձնելու ուղղությամբ: Նա համոզմամբ` գործն ավելի կհեշտանար, եթե «Made in Armenia»-ն արտասահմանում ընկալվեր որպես ոչ միայն աշխարհագրական, այլ որակի նշան: «Կարծում եմ` «Կրիստոբադի» հաջողությունն արտասահմանում նաև Հայաստանի հաջողությունն է: Պետք է կարողանանք վերադարձնել Հայաստանի բարի համբավն այս ոլորտում», – եզրափակում է գործարարը:

Քրիստոստուրյանի գործընկեր և ձեռնարկության համահիմնադիր Արմեն Բադալյանն իր հերթին ավելացնում է, որ հայ կոշկագործները պետք է հասկանան, որ չինական էժան արտադրանքի հետ հնարավոր չէ անգամ մրցակցել Հայաստանի ներսում, իսկ որակյալ արտադրանք ստանալու համար բավական չէ միայն կրկնօրինակել իտալական կոշիկները: «Պետք է կարողանանք աշխարհին ներկայացնել մեր մոդելները` ժամանակակից արտաքինով և լավ որակով: Հայաստանյան կոշկագործության ապագան որակյալ կոշիկների արտադրության մեջ է. «Կրիստոբադ»-ը շարժվում է հենց այդ ուղղությամբ», – նշում է Բադալյանը:

Գործարարը հպարտությամբ ավելացնում է, որ իրենց ձեռնարկությունում ամենամեծ «հաստոցը» կարի մեքենան է: «Կրիստոբադ»-ի հարստությունը մարդկային ներուժն է` այն վարպետները, որոնց ձեռքերում ստեղծում է ընկերության արտադրանքը: Լավ կոշիկը միայն արտաքինը չէ: Լավ կոշիկն առաջին հերթին տարբերվում է հարմարավետությամբ`  ճկվելու, շնչելու, ոտքին հարմարվելու և այլ հատկություններով: «Կրսիտոբադ»-ի հաջողության գրավականներից մեկը մշտական նորարարություններն ու նորամուծություններն են, առանց որոնց այժմ չի կարող զարգանալ որևէ բիզնես:

Նշենք, որ հուլիսի սկզբին «Կրիտոբադ»-ը Երևանում (Սայաթ-Նովա 23) բացում է իր առաջին խանութը: Գործարարները կարևորում են ոչ միայն մուտքը հայաստանյան շուկա, այլ նաև հաճախորդին ավելի մոտ լինելու և հաճախորդների կարիքներից ավելի տեղեկացված լինելու փաստը, ինչի պակասը ընկերությունն ունի արտասահմանյան գնորդների դեպքում:

Share