Բաժին. Բիզնես

Pernod Ricard-ի խմիչքները մեծ պահանջարկ են վայելում ասիական շուկաներում

Ալկոհոլային խմիչքների արտադրության ոլորտում համաշխարհային առաջատար ընկերություններից մեկը՝ ֆրանսիական Pernod Ricard SA-ն, ամփոփել է 2012-2013 ֆինանսական տարվա իր գործունեության արդյունքները: Ըստ հրապարակված ամփոփ ֆինանսական հաշվետվության՝ հաշվետու տարում, նախորդ տարվա համեմատ, ընկերության զուտ շահույթը աճել է 3,5%-ով և կազմել 1,19 մլրդ եվրո: Միևնույն ժամանակ, Pernod Ricard-ի տարեկան հասույթը աճել է շուրջ 4%-ով և կազմել 8,58 մլրդ եվրո, իսկ վաճառքի ծավալները ավելացել են մոտ 6%-ով:

Ներկայացված տվյալների համաձայն՝ Եվրոպայում, բացառությամբ Ֆրանսիայի, ընկերության վաճառքի ծավալները կազմել են 2,13 մլրդ եվրո՝ պահպանվելով նախորդ տարվա գրեթե նույն մակարդակում: Միայն Ֆրանսիայում ընկերության վաճառքի ծավալները կազմել են 695 մլրդ եվրո: Հայրենի երկրում Pernod Ricard-ը գրանցել է վաճառքի ծավալների 7% անկում:

Հյուսիսիային և Հարավային Ամերիկայում Pernod Ricard-ի տարեկան վաճառքի ծավալները աճել են 7%-ով և կազմել 2,31 մլրդ եվրո, ընդ որում՝ միայն ԱՄՆ-ում ընկերությունն ապահովել է վաճառքի ծավալների 8% աճ: Հատկանշական է, որ հաշվետու ֆինանսական տարում Pernod Ricard-ը տպավորիչ ցուցանիշներ է գրանցել Ասիայում: Այս տարածաշրջանին բաժին է ընկել ընկերության վաճառքի ծավալների շուրջ 40%-ը:

Նշենք, որ Pernod Ricard ընկերությունների խումբը հիմնադրվել է 1975 թվականին և ներկայացնում է մի շարք հայտնի ապրանքային նշաններ (Jameson, Jacob’s Creek, Havana Club, Chivas Regal, Martell, Ballantine’s, Malibu, Kahlua, Beefeater, Absolut Vodka, Olmeca և այլն):

Pernod Ricard ընկերությունների խմբի մեջ է մտնում նաև Երևանի կոնյակի գործարանը («Արարատ» կոնյակներ): Pernod Ricard-ը Երևանի կոնյակի գործարանը գնել է 1998 թվականին՝ 30 մլն ԱՄՆ դոլարով: 

2011-2012 ֆինանսական տարում Pernod Ricard-ի հասույթը կազմել էր 8,22 մլրդ եվրո:

Share